Քրեական հեղինակություն «Տույը» վայելում է Փաշ...

«Տույ» մականվամբ հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանի վերաբերյալ քրեական գործը կասեցվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ն  տեղեկացավ Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանից. «Քրեական գործի վարույթը կասեցվել է մարտ ամսին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով»,-փոխանցեց Հարությունյանը։

Նշենք, որ Քրեական դատավարության  31-րդ հոդվածը սահմանում է գործի կասեցման հիմքերը, եւ դրա հիշյալ կետի համաձայն՝ գործը կարող է կասեցվել, եթե հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 13-ին քաղաքացի Արման Հակոբյանը ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հաղորդում էր տվել այն մասին, որ 2013թ. «Տույ» մականվամբ հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանը Յուրի Երեմյանի և 7-8 տղամարդկանց հետ միասին քրեական հեղինակություն «Սարատովի Արտյոմ» անունով հայտնի Արտյոմի օգնությամբ, իրեն առևանգել են, 7-8 ժամ պահել անազատության մեջ, ծեծի ենթարկել և սպանության սպառնալիքներ տալու միջոցով պահանջել հրաժարվել իրեն պատկանող հացի արտադրամասի իր մասնաբաժնից, որի դիմաց խոստացել են վճարել 150.000 ԱՄՆ դոլար: Ա.Հակոբյանը ստիպված համաձայնել է կատարել վերջինների պահանջը, սակայն նրան վճարել են ընդհամենը 10.000 ԱՄՆ դոլար:

Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան այն մասին, որ քրեական հեղինակություն «Տույը» աջակցում է Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքի տարբեր թեկնածուներին։ Արթուր Ղազարյանը մասնակցել է նաև Տավուշում կայացած վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, որը կազմակերպվել էր նախորդ տարվա օգոստոսին։

Ամիսներ առաջ մենք նաև ունեցանք հրապարակում, ըստ որի՝ քրեական հեիղնակություն «Տույը» վարչապետ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Պապիկյանին ֆինանսական աջակցություն է ցուցաբերել նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Մեր հրապարակումից հետո վարչապետ Փաշինյանը Մեսրոպ Պապիկյանին ազատեց աշխատանքից։