Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Սիրիայում քուրդ զինյալները կա՛մ վայր կդնեն զենքերը, կա՛մ «կթաղվեն», հայտնում է Reuters-ը։
«Անջատողական մարդասպանները կա՛մ հրաժեշտ կտան իրենց զենքին, կա՛մ կթաղվեն սիրիական հողում իրենց զենքերի հետ միասին»,- ասել է Էրդողանը խորհրդարանում իր իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորներին:
«Մենք կոչնչացնենք ահաբեկչական կազմակերպությանը, որը փորձում է արյան պատ կառուցել մեր և մեր քուրդ եղբայրների միջև»,- հավելել է նա։
Թուրքիան քրդական YPG-ի զինյալներին՝ ԱՄՆ-ի դաշնակից Սիրիական դեմոկրատական ուժերի (SDF) հիմնական բաղադրիչին, համարում է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) մաս, որը 1984 թվականից ապստամբություն է իրականացրել թուրքական պետության դեմ: Թուրքիան, ԱՄՆ-ը և Եվրամիությունը PKK-ն ահաբեկչական կազմակերպություն են հայտարարել։ Անկարան բազմիցս կոչ է արել ՆԱՏՕ-ի իր դաշնակից Վաշինգտոնին և այլ երկրներին դադարեցնել YPG-ին աջակցելը։
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի տապալումից ի վեր Անկարան բազմիցս հանդես է եկել քրդական YPG-ի զինյալների լուծարմամբ՝ պնդելով, որ խմբավորումը տեղ չունի Սիրիայի ապագայում։ Սիրիայի ղեկավարության փոփոխությունը անբարենպաստ վիճակում է դրել երկրի հիմնական քրդական խմբավորումներին: