ՔՊ–ադրբեջանական ուժերի համատեղ հարձակում Կաթո...

Եկեղեցու նկատմամբ այս ՔՊ-ադրբեջանական միահամուռ ճնշումը չի կարող և չպետք է մնա անարձագանք։ Ժողովուրդը կանգնած է պատմական ընտրության առաջ՝ պահպանելու ազգային միասնությունը, արժանապատվությունը և հոգևոր արմատները։

2020 թվականի Արցախյան ծանրագույն պատերազմից հետո մեր երկիրն անցնում է մեծագույն ճգնաժամի փուլով։ Հենց այս ծանրագույն պահին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, որը հայ ժողովրդի հոգևոր և ազգային ինքնության անկյունաքարն է, բարձրաձայնում է իր խորը մտահոգությունները երկրի ապագայի, իրավիճակի, անվտանգության և բարոյականության մասին։ Եկեղեցու առաջնորդների հայտարարությունները հնչում են որպես ազնիվ ու պատասխանատու կոչեր՝ միաբանության և ազգային արժանապատվության պահպանման համար։

Սակայն իշխանություններն այս կոչերը ընկալում են որպես քաղաքական ճնշման փորձ։ Նիկոլ Փաշինյանն ու իր շրջապատի որոշ ՔՊ-ական պաշտոնյաներ մեկնաբանում են հոգևորականների խոսքը որպես «քաղաքականության մեջ խառնվել», և նույնիսկ արհամարհական տոնով հայտարարում են, որ եթե եկեղեցին ցանկանում է քաղաքականությամբ զբաղվել, ապա թող ստեղծի կուսակցություն։ Այսպիսի ցինիկ մոտեցումը՝ հոգևորականության ձայնը  ճնշել փորձելը, բացահայտ նպատակ ունի խեղդել եկեղեցու հասարակական ազդեցությունը և մաքրել քաղաքական դաշտը առանցքային գաղափարախոսական քննադատությունից։

Այնուամենայնիվ, եկեղեցու հոգևոր անձինք մեր երկրի լիիրավ քաղաքացիներն են, որոնք ազատ են արտահայտելու իրենց դիրքորոշումը՝ հաշվի առնելով ազգային անվտանգության, բարոյական արժեքների և հասարակական կայունության կարևորությունը։ Եկեղեցու խոսքը երբեք չի եղել միակողմանի քաղաքական քարոզչություն, այլ համազգային բարոյականության ու հոգևորության արտացոլում։ Եվ եթե դա քաղաքականություն է, ապա այդ քաղաքականությունն էլ պետք է ընդունել՝ առանց արհամարհանքի և հետապնդման։

Բայց ամենավատը այն է, որ այս սուր քննադատության և ճնշման գործում նրանց ձայնին միանում են Հայաստանի բացահայտ թշնամական՝ Բաքվի ներկայացուցիչների ձայները։ Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ, շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն անթաքույց ատելությամբ և արհամարհանքով է արտահայտվում Ամենայն հայոց կաթողիկոսի հասցեին, հայտարարելով, որ «հոգևոր մարդը չպետք է այդքան խորասուզվի քաղաքականության մեջ», և կաթողիկոսի հետ հանդիպում կազմակերպելու մտադրություն չունի։ Այս խոսքերը ոչ միայն վկայում են թշնամու բացահայտ դիրքորոշման մասին, այլև ցավալի փաստ են, որ նույնը հնչում է նաև մեր երկրի ներսում՝ բարձրագույն իշխանական մակարդակներից։

Այսպիսով, փաստերը վկայում են, որ Հայաստանի իշխանությունը և Բաքվի ղեկավարությունը փաստացի համատեղ ճակատ են ձևավորել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ՝ փորձելով խեղդել նրա ազդեցությունը հասարակական կյանքի մեջ, սասանելով ազգային միասնության վերջին բաստիոններից մեկը։ Սա միայն քաղաքական ճնշում չէ, այլ ազգային ինքնության դեմ ուղղված մտահոգիչ հարված։

Հետևաբար՝ հարց է առաջանում՝ ի՞նչ նպատակներ են կանգնած այս դաշնակից ուժերի արշավի հետևում, և ինչպե՞ս կարող է դա ազդել մեր երկրի ներքին կայունության ու ազգային արժանապատվության վրա։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պետք է մնա ոչ միայն հոգևոր կենտրոն, այլև մեր ազգային դիմադրության ու միասնության ամենակարևոր խորհրդանիշը։ Ահա այստեղ է, որ ժողովուրդը պետք է հստակ որոշում կայացնի և դառնա Հայ եկեղեցու զինվոր ընդդեմ ՔՊ-ադրբեջանական դաշնակցային ուժերի։