«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանի գործը նոր հարցերի առաջ է կանգնեցրել իրավապահ համակարգին։ Խնդիրը միայն այն չէ, որ վարորդական իրավունքից զրկված Կոնջորյանը կրկին մեքենա է վարել ու կանգնել դատարանի առաջ։ Խնդիրն այն է, որ նախկինում դատապարտված Ավետ Կոնջորյանի քրեական վարույթում հայտնվել է «դատվածություն չունենալու» մասին տեղեկանք, ինչն էլ թույլ է տվել գործը հանգուցալուծել ավելի մեղմ տարբերակով՝ համաձայնությամբ տուգանքով։
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը փետրվարի 19-ին գրել էր, որ Ավետ Կոնջորյանը, 2025 թվականի հուլիսի 7-ից մինչև 2026 թվականի հուլիսի 7-ը վարորդական իրավունքից զրկված լինելով, նույն տարվա հոկտեմբերի 15-ին Աբովյանում կրկին մեքենա է վարել և կանգնեցվել պարեկների կողմից։ Դատարանը նրան մեղավոր է ճանաչել և նշանակել 375 հազար դրամ տուգանք՝ մեկ տարվա ընթացքում վճարելու իրավունքով։
Այսպիսով, գլխավոր հարցը մնում է օդում՝ ո՞վ է Ավետ Կոնջորյանի գործի նյութերում ներառել այդ տեղեկանքը, և արդյոք այն չի ծառայել իշխանական պատգամավորի եղբորը ավելի խիստ պատասխանատվությունից ազատելու համար՝ օգտահործելով ՔՊ խմբակցության ղեկավարի դիրքը։
Հիշեցնենք, որ Հայկ Կոնջորյանը նաև առանձնատան թեմայով հայտնվեց սկանդալի մեջ, երբ հետաքննողները պարզեցին, որ Առինջի առանձնատան 1 քմ-ի համար Կոնջորյանը 300 հազար դրամ էր վճարել, մինչդեռ շուկայականում նման գին գոյություն չունի։
Նույն թաղամասում տներ են գնել նաև Հայկ Կոնջորյանի մայրը, քույրը։
Ինչպես Նիկոլ Փաշինյանը կասեր՝ կոռուպցիան և հովանավորչությունը հո պոզ ու պոչով չի լինում»։



