
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Արսեն Թորոսյանի՝ գործադիր տեղափոխվելու որոշումը կրկին աժիոտաժ է առաջացրել Ազգային ժողովի իշխանական ֆրակցիայում։ Թորոսյանը ղեկավարում էր Առողջապահության մշտական հանձնաժողովը, դրանով պայմանավորված՝ ստացել է ծառայողական մեքենա, ավել աշխատավարձ, հիմա այդ բաղձալի պաշտոնի համար մրցապայքար է սկսվել, հատկապես՝ հանձնաժողովի ներսում։
Սակայն իշխանական թիմում առավել հավանական են համարում, որ հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր մնա, եւ այդ գործառույթներն օրենքով սահմանված կարգով վերապահվեն փոխնախագահ Հռիփսիմե Հունանյանին, որը մասնագիտությամբ բուժքույր է, նախկինում աշխատել է «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում, սակայն պատգամավոր է դարձել առանց բարձրագույն կրթության եւ, շատերի կարծիքով, չի ձգի այդ «պոստում»։
Գուցե փորձաշրջան սահմանեն, նոր հասկանան անելիքները։ Հիշեցնենք, որ Թորոսյանը հանձնաժողովը նախագահում էր ընդամենը մի քանի ամիս՝ նախկին ղեկավար Նարեկ Զեյնալյանի՝ մանդատից հրաժարվելուց հետո։