ՔՊ-ն տապալեց Արցախի հարցով հանձնաժողովի կազմա...

Ազգային ժողովի այսօրվա` հոկտեմբերի 2-ի նիստում, քվեարկության դրվեց ընդդիմադիր խմբակցությունների կողմից առաջարկված՝ Բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետություն տեղափոխված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կենսագործունեության կազմակերպման պայմանները ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվելիք ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը, որի հիմնական նպատակն Արցախի ժողովրդի կենսագործունեության ապահովման պայմանների ուսումնասիրությունն է, կարիքների գնահատման համակարգի վերլուծությունը և իրականացվող ծրագրերի միջև անհամապատասխանության փաստերի արձանագրումն ու լուծումների առաջարկը։

Վարման կարգով ելույթ ունեցավ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու նախագծին:

Նախագիծը երեկ՝ հոկտեմբերի 1-ին, զեկուցել էր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, ով ևս վարման կարգով ելույթ ունեցավ:

«Այն ինչ լսեցինք քաղաքական մեծամասնության կողմից, ընդամենը փորձ է հրաժարվել սահմանադրական պարտականությունների կատարումից: Եթե բավարար չափով հիմնավորումներ չեք լսել, դա չի նշանակում թե փաստարկված չէ: Հսկայական միջոցներ սփյուռքից և միջազգային կառույցներից հատկացվել են Արցախի ժողովրդի կենսապայմանների բարելավման համար:

Պառլամենտը պարտավոր է իրականացնել արդյունավետ վերահսկողություն: Հիմա եթե չեք մասնակցելու, դուք տորպեդահարում և հրաժարվում եք սահմանադրական ձեր լիազորություններից»,- նշեց Մինասյանը:

ՔՊ-ն դեմ քվեարկեց և նախագիծը չընդունվեց