Ավարտին է մոտենում Բաքվում անցկացվող COP29: Այս միջոցառումից մնաց մեկ կարևոր արձանագրում. ՔՊ-ն բառացիորեն տապալեց գերիների վերադարձի մասին մեր նախաձեռնած Ազգային Ժողովի հայտարարության ընդունումը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«Ու թող հեքիաթներ չպատմեն՝ հայտարարության տեքստը մշակելիս մենք հատուկ ընտրել ենք այնպիսի ձևակերպումներ, որոնք առնչություն չեն ունենա ներքաղաքական գործընթացների հետ: Կրկնում եմ՝ հայտարարության մեջ ներքաղաքական քննադատություն չկար:
Այլ կերպ ասած՝ Եվրոպական Խորհրդարանի ու մի շարք երկրների պատգամավորներ հայտարարություններ են տարածել մեր գերիների վերադարձի պահանջով, իսկ մեր Ազգային Ժողովի իշխող մեծամասնությունն այն տապալեց:
Դե պարզ է՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավելի պոկեք:
Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... Դուք այդպիսի բաներ չեք լսել:
Աթոռ, աթոռ, աթոռ՝ դա է ձերը:»,- գրել է նա