«Հրապարակ»․ թերթը գրում է․ Նախընտրական ցուցակը կազմելու նպատակով իրականացված ՔՊ ներկուսակցական ընտրություններից հետո իշխող թիմում հետընտրական «բազառները» չեն դադարում։ Խնդիր է առաջացել նաեւ կանանց քվոտան պահպանելու հետ կապված։
Ընտրական օրենսգիրքը, հիշեցնենք, պարտադիր է համարում ցուցակում հակառակ սեռի 30 տոկոս ընդգրկվածությունը: Այսինքն, նախընտրական ցուցակում յուրաքանչյուր երրորդը պետք է լինի կին: Սա նշանակում է, որ օրեր առաջ ՔՊ ներկուսակցական ընտրությունների արդյունքում ձեւավորված նախնական ցուցակի առաջին 50-յակում պատգամավորության առնվազն 16 կին թեկնածու պետք է լինի, մինչդեռ ՔՊ կանանց թիվը 12-ն է։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ 50-ից հետո հորիզոնականներում տեղ զբաղեցրած առնվազն 4 կին պետք է ցուցակում վեր բարձրանան եւ տեղ զբաղեցնեն առաջին 50-յակում, բնականաբար, նրանց իրենց տեղը պետք է զիջի 4 տղամարդ։
Մինչդեռ հայտնի է նաեւ, որ ՔՊ 1000-ից ավելի պատվիրակները նույն՝ գաղտնի ընտրակարգով պետք է մեկ անգամ էլ ընտրություն կատարեն առաջին 50-ի միջեւ, որպեսզի արդեն որոշեն անունների հերթականությունը: Ահա, այսպիսի խուճուճ համակարգ է մտածել Նիկոլ Փաշինյանը, որի ուղեղը բացառապես ներկուսակցական ինտրիգների եւ իր վաղօրոք մտածած սխեմաներն իրականացնելու ուղղությամբ է աշխատում: ՔՊ-ում որոշում ունեն, որ այդ ընտրությունները կանցկացնեն մարտի վերջերին, որից հետո արտահերթ համաժողովը օրենքի պահանջով կհաստատի նախընտրական ցուցակի առաջին 50 համարին, թեպետ օրենքն առաջին 30-ն է պարտադիր համարում, որ համագումարում հաստատվի։
Հիմա պետք է լուծեն իրենց իսկ ջանքերով առաջացած այս «բարդ» խնդիրը: Արդար մոտեցումը հուշում է, որ կանանց պարտադիր քվոտան պետք է լրացվեր ընտրությունների 2-րդ փուլից հետո, որովհետեւ վերջին հորիզոնականներում հայտնվածները 2-րդ փուլում գուցե բարելավեին իրենց արդյունքները` վեր բարձրանային, եթե, իհարկե, քվեարկությունն ընթանար ոչ թե 50 հոգու, այլ ամբողջ ցուցակի մասնակցությամբ: Սակայն մենք տեղեկացանք, որ թիմում որոշում է կայացվել, որ մինչեւ 2-րդ փուլը պետք է տեղի ունենան կանանց եւ տղամարդկանց «ռակիրովկաներ»։ 50 հոգանոց ցուցակի վերջին 4 հորիզոնականներում տեղ զբաղեցնող «անհաջողակ» տղամարդիկ իրենց տեղը կզիջեն 50-ից ցածր տեղ զբաղեցրած մի քանի «հաջողակ» կանանց, որոնք օրենքի ուժով կգան առաջ: 50 «անհաջողակ» կուսակցականներն են Հայկ Ավագյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը, Սերգեյ Բագրատյանն ու Փաշինյանի քավոր Հայկ Ղալումյանը: Վերջին երկուսը հավասար ձայներ են հավաքել, ուստի որոշել են, որ նրանցից ոչ մեկին էլ դուրս չեն թողնի, եւ ցուցակը կլինի ոչ թե 50, այլ 51 հոգուց։
Իսկ հաջողակ կանանցից ցուցակի 50-ին կմիանան Լուսինե Բադալյանը, Արփի Դավոյանը, ՔՊ վերահսկող հանձնաժողովի անդամ Արաքսյա Վարդանյանը, Արագածոտնի մարզպետի տեղակալ Միլադա Հովհաննիսյանը։ Մեզ ասացին, սակայն, որ այս տարբերակն էլ դեռեւս վերջնական չէ` չի հաստատվել ՔՊ վարչության կողմից, եւ չի բացառվում, որ խմորումները շարունակվեն, ու վարչությունում որոշեն կանանց համալրումն իրականացնել 2-րդ փուլից հետո` առայժմ քվեարկելով եղած ցուցակի շրջանակներում:



