
Երեկ, չնայած այն բանին, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը, ըստ նախապես տարածած հայտարարության, հետ վերցրեց դիմումը ՍԴ-ից, սակայն «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այդպես էլ չմիացավ ԲՀԿ-ին եւ չդիմեց ՍԴ։ Քաղաքական գնահատականները, իհարկե կտան վերլուծաբաններն ու բովանդակ հասարակությունը, սակայն շատ ավելի հետաքրքիր էր նախագահ Քոչարյանի քայլը։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի անունից նրա փաստաբանական թիմը դեռ անցյալ տարի դիմել էր ՍԴ, պարզելու համար 300.1 հոդվածի (սահմանադրական կարգը տապալելը) Սահմանադրությանը համապատասխան լինելու հարցը:
Այս առիթն օգտագործելով, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որի ղեկավար Էդմոն Մարուքյանն ըստ մամուլում շրջանառվող լուրերի բավականին ակտիվ ստվերային շփումներ է ունեցել իշխանությունների հետ, հրաժարվեց այդպես էլ միանալ ԲՀԿ-ին եւ դիմել ՍԴ, կանխելու համար իշխանությունների կողմից իրականացվող հերթական իրավական վակխանալիան։
Երկրորդ նախագահի փաստաբանական թիմը հստակ հայտարարեց, որ հետ են վերցնում իրենց դիմումը, որպեսզի Հայաստանում պառլամենտարիզմի կայացմանը այդ դիմումը չխոչընդոտի.«Պարոն Քոչարյանի հետ այսօր առավոտը քննարկում ունեցանք, նախագահը հստակ դիրքորոշում հայտնեց, որ եթե իր գործի պատճառով պարլամենտարիզմի կայացման որոշակի խոչընդոտներ պիտի առաջանան, ապա ինքը պետք է պահանջի, որ իր փաստաբանները հետ վերցնեն»,- մասնավորապես ասել էր փաստաբանական թիմից Արամ Օրբելյանը, հորդորելով սահմանադրական փոփոխությունների անօրինականության հետ կապված գործընթացներին մասնակից լինել-չլինելու հարցում չներքաշել նախագահ Քոչարյանի հետ կապված գործը եւ չքաղաքականացնել։
Ունենալով այն, ինչ ունենք, այսինքն՝ փաստացի պառլամենտում միակ ընդդիմադիր կեցվածքով ԲՀԿ եւ իրավական վակխանալիա, կարեւոր է երկրորդ նախագահի կատարած քայլից դասեր քաղելը։
Եթե ուշադիր կարդանք, ապա երկրորդ նախագահը հերթական անգամ պետականամետության դաս տվեց բոլորին, ու հատկապես, այսօրվա ներքաղաքական դաշտում գործող ընդդիմադիր դիմակով հանդեղ եկողներին ու իշխանությանը, որոնց բավականին սազում է մանկուրտ բնորոշումը։ Քոչարյանի մեսիջը այն էր, որ եթե հարկ լինի, պետք է հրաժարվել անձնական շահից հանուն պետական համակարգի, որն այժմ այդքան համառորեն քանդում են գործող իշխանությունները, ինչպիսի համառությամբ, որ տասնամյակներ ի վեր անդուլ աշխատանքով կառուցվել ու կայացվել է այն նախկին բոլոր իշխանությունների շնորհիվ՝ իր բոլոր թերություններով հանդերձ։