Քոչարյանը չի ցանկանում մանդատը վերցնել, բայց...

«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, թե պատգամավորական մանդատը վերցնելու ցանկություն չունի, քանի որ իր աշխատանքը օրենսդիր մարմնում չի պատկերացնում։ 

Նախագահ Քոչարյանի խոսքով իրենք այս մասին քննարկում են ունեցել դաշինքում, մի մասը նշել է, որ նա պետք է վերցնի մանդատը, իսկ մյուս մասը դեմ է արտահայտվել այդ գաղափարին։ Այնուամենայնիվ դաշինքի առաջնորդը նշեց, որ դեռևս վերջնական որոշում չունեն։

Քոչարյանը վստահ է, որ իրենք լուրջ մանդատ են ստացել պայքարը շարունակելու համար, և խորհրդարանական պայքարը միայն ուժեղացնելու է իրենց դիրքերը, չնայած որ դրան զուգահեռ չեն բացառում նաև փողոցային պայքարը․«Այստեղ պետք է փորձել գտնել բացատրություն։ Ենթադրում եմ, որ եղել են զանգվածային ընտրախախտումներ, մասնավորապես վարչական ռեսուրսի կիրառում, և այդ պատճառով դիմելու ենք Սահմանադրական դատարան։ Հավաքագրվում են խախտումների մասին նյութերը և մի քանի օրվա ընթացքում ավելի լավ կպատկերացնենք, թե ինչ ծավալի խախտումներ են եղել»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։