Հայ-ռուսական հարաբերությունների հետևողական խարխլման ֆոնին Նիկոլ Փաշինյանի իշխանության թիրախում են հայտնվում այն քաղաքական և պետական գործիչները, որոնք հայ-ռուսական հարաբերությունների բարելավման ջատագովներ են կամ իրենց կառավարման տարիներով ապացուցել են, թե որքան ամուր և Հայաստանի համար օգտակար կարող են լինել այդ հարաբերությունները։
Հենց այս համատեքստում պետք է դիտարկել օգոստոսի 27-ին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը։ Այս դեպքում գործ ունենք ոչ թե սովորական քրեական վարույթի, այլ քաղաքականապես մոտիվացված և ապօրինի կալանավորման հետ, որի իրական նպատակները պետք է փնտրել շատ ավելի լայն՝ ներքաղաքական և աշխարհաքաղաքական դաշտում։
Ժամանակագրությունն ինքնին խոսուն է։
Սեպտեմբերի 1-ին Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում, Նիկոլ Փաշինյանը պետք է հանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Եվ այդ հանդիպումից ընդամենը մի քանի օր առաջ կալանավորվում է Ռոբերտ Քոչարյանը՝ Հայաստանի այն նախկին նախագահը, որը ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունների խորացման հետևողական կողմնակից է եղել, այլև երկարամյա անձնական ու ընկերական հարաբերություններ ունի Պուտինի հետ։
Քոչարյանի կալանավորումը հենց Պուտին–Փաշինյան հանդիպման նախաշեմին պատահական ժամանակային համընկնում չէ։ Այն ստեղծում է մի իրավիճակ, երբ Հայաստանի ներքաղաքական գործընթացներից մեկը կանխորոշված կերպով տեղափոխվում է հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունների օրակարգ։
Մի կողմից՝ Փաշինյանին անհրաժեշտ է Մոսկվայի հետ հարաբերություններում որոշակի լիցքաթափում։ Վերջին շրջանում հայկական մի շարք ապրանքների նկատմամբ Ռուսաստանում կիրառված ներմուծման սահմանափակումներն արդեն տնտեսական խնդիրներ են ստեղծում Հայաստանի համար։ Դրանք պաշտոնապես ներկայացվում են որպես սանիտարական, անասնաբուժական կամ ֆիտոսանիտարական միջոցներ, սակայն դրանց ծավալն ու հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակը բնական հարց են առաջացնում նաև հնարավոր քաղաքական բաղադրիչի վերաբերյալ։
Մյուս կողմից՝ Փաշինյանը պետք է Արևմուտքին ցույց տա, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը ժամանակավոր մարտավարություն չէ։ Այդ իմաստով Քոչարյանի կալանավորումը քաղաքական հստակ ազդակ է. կալանավորվում է մի գործիչ, որը Մոսկվայում ընկալվում է որպես հայ-ռուսական ավանդական հարաբերությունների պահպանման և վերականգնման ամենահայտնի կողմնակիցներից մեկը։
Այսպիսով, Քոչարյանի կալանավորումը միաժամանակ ազդեցություն է ունենում երկու ուղղությամբ՝ այն դառնում է Մոսկվայի հետ քաղաքական լարվածության նոր հանգույց և Արևմուտքին փոխանցվող ազդակ Հայաստանի արտաքին քաղաքական ընթացքի վերաբերյալ։
Իսկ որ Քոչարյանի գործը վաղուց դուրս է եկել զուտ քրեական վարույթի շրջանակներից, արդեն հաստատում է հենց Ռուսաստանի արձագանքը։
Քոչարյանի կալանավորման մասին խոսել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Հատկանշական է, որ Քոչարյանի և նրա որդու կալանավորման վերաբերյալ հարցին պատասխանելիս Լավրովը թեման կապել է հայ-ռուսական հարաբերությունների և Հայաստանի արտաքին քաղաքական ուղղության հետ։
Սակայն առավել խոսուն է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությունը։
Պուտին–Փաշինյան սպասվող հանդիպման մասին խոսելիս Ուշակովը հայտարարել է, որ զրույցը տեղի է ունենալու անսովոր ֆոնի վրա, երբ Հայաստանում զանգվածաբար կալանավորվում են ընդդիմության առաջնորդներ, հատկապես նրանք, որոնք հանդես են եկել երկու երկրների միջև ավանդական բարիդրացիական հարաբերությունների ակտիվացման օգտին։
Ուշակովը նաև հստակ հայտարարել է, որ այդ հարցը քննարկվելու է Պուտին–Փաշինյան հանդիպմանը, իսկ Հայաստանի ղեկավարության վարած այս գիծը Մոսկվայում մեծ մտահոգություն է առաջացնում։
ՌԴ նախագահի օգնականը հրապարակայնորեն հաստատում է, որ Հայաստանում Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման կողմնակից քաղաքական գործիչների կալանավորումները դարձել են Կրեմլի մտահոգության առարկա և մտել Պուտին–Փաշինյան բանակցությունների օրակարգ։
Այսինքն՝ Փաշինյանի իշխանության գործողությունների հետևանքով Հայաստանի ներսում հարուցված քրեական գործն արդեն վերածվել է հայ-ռուսական միջպետական հարաբերությունների հարցի։
Քոչարյանի պարագայում կա ևս մեկ չափազանց կարևոր հանգամանք։ Նա և Վլադիմիր Պուտինը երկար տարիներ պահպանել են անձնական և ընկերական հարաբերություններ։ Հետևաբար երկրորդ նախագահի կալանավորումը դժվար է Մոսկվայում ընկալել որպես հերթական քրեական գործ։ Այն քաղաքական ուղերձ է ոչ միայն Ռուսաստանին, այլև անձամբ Պուտինին։
Ստացվում է բավական արտառոց պատկեր։
Փաշինյանը մեկնում է Պուտինի հետ հանդիպման այն պայմաններում, երբ կալանքի տակ է գտնվում Պուտինի երկարամյա ընկերը և Հայաստանի նախկին նախագահը, իսկ Կրեմլը նախապես հայտարարում է, որ այդ կալանավորումների հարցը դրվելու է բանակցությունների սեղանին։
Ահա այստեղ է Քոչարյանի ապօրինի կալանավորման իրական քաղաքական տրամաբանությունը։
Քոչարյանն այս գործընթացում այլևս միայն քրեական գործով մեղադրյալ չէ։ Նրա կալանավորումը վերածվել է հայ-ռուսական հարաբերությունների վրա անմիջական ազդեցություն ունեցող քաղաքական իրադարձության՝ միաժամանակ հարվածելով Հայաստանի ներսում գործող այն քաղաքական կենտրոնին, որը հետևողականորեն հանդես է եկել Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանման և զարգացման օգտին։
Եվ եթե սեպտեմբերի 1-ին Պուտինը Փաշինյանի հետ իսկապես քննարկի Քոչարյանի կալանավորման հարցը, ապա կստացվի գրեթե աննախադեպ իրավիճակ. Հայաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահի հետ բանակցությունների սեղանի շուրջ ստիպված է լինելու քննարկել իր իշխանության օրոք կալանավորված Հայաստանի նախկին նախագահի հարցը։
Այդ պահին արդեն դժվար կլինի հասարակությանը համոզել, թե Ռոբերտ Քոչարյանի դեմ կատարվողը պարզապես կոռուպցիայի դեմ պայքար է։
Սա քաղաքական հետապնդում է՝ աշխարհաքաղաքական հստակ ենթատեքստով։ Քոչարյանի կալանավորումը ոչ միայն ապօրինի է, այլև դարձել է Հայաստանի ներքաղաքական պայքարի և հայ-ռուսական հարաբերություններում խորացող ճգնաժամի ամենացայտուն դրսևորումներից մեկը։
Ս․Թ․



