ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստի մեկնարկին միջադեպ տեղի ունեցավ դահլիճում ներկա Ռոբերտ Քոչարյանի աջակիցների, եւ մեղադրանքի կողմի կողմնակիցների միջեւ։ Երբ դատական նիստերի դահլիճ մտավ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նրա աջակիցները վանկարկեցին «Քոչարյան հերոս», ինչը դուրս չեկավ մեղադրանքի կողմից աջակիցներին. վերջիններս սկսեցին սուլել եւ վիճաբանել Քոչարյանի աջակիցների հետ։
Այնուհետեւ երկրորդ նախագահի աջակիցները նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանյանի լուսանկարով պաստառներ պարզեցին, որտեղ գրված էր «վնգստալու արվեստը», ինչպես նաեւ Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու գործով կալանավորված Նարեկ Մութաֆյանի եւ Սարգիս Օհանջանյանի նկարներով պաստառներ, որտեղ տղաները ներկայացվում էին, որպես քաղբանտարկյալներ։ Դատական կարգադրիչները աջակիցների ձեռքից խլեցին պաստառները։



