Քոչարյանի դատական գործը քաղաքական է․ Մխիթար Հ...

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները, տարբեր իրավապաշտպաններ և իրավունքի մասնագետներ արդեն երկու տարի է պնդում են, որ նրա դեմ իրականցվող դատական գործընթացը քաղաքական են։ Նիկոլ Փաշինյանի իշխանության տարբեր ներկայացուցիչներ հակադարձում էին այս ամենին և հայտարարում էին, որ գնում է դատական գործընթաց և իրենք չեն միջամտում, ավելին ծաղրում էին բոլոր այն գործիչներին, որոնք երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին համարում էին քաղբանտարկյալ։

Բայց իրականությունը երկար թաքցնել հնարավոր չէ և պարզ էր, որ իշխանությունները չեն կարող թաքցնել այն, որ այս դատական գործընթացի հետևում իրենց քաղաքական պատվերն է։ Քաղաքական իշխանությունները խնդիր են դրել դատական իշխանության առաջ, որպեսզի հնարավորինս երկար անազատության մեջ մնա Ռոբերտ Քոչարյանը։

Օրերս Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ-ն լրատվամիջոցներից մեկի հարցին ի պատասխան անդրադարձ էր կատարել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության հարցին։ Կաթողիկսը չէր խոսել դատական գործընթացի կամ դրանում ներգրավված կողմերի ճիշտ ու սխալ լինելու մասին։ Վեհափառը խոսել է մարդասիրական սկզբունքների մասին, որոնք հուշում են, որ կորոնավիրուսի համավարակի օրերին պետք է ուշադիր լինել անազատության մեջ գտնվող անձանց նկատմամբ, այդ թվում ռիսկի խմբում գտնվող նախագահ Քոչարյանի։

Կաթողիկոսի այս խոսքին հաջորդեց իշխանությունների տեղեկատավական հարձակումը նրա նկատմամբ։ Իշխանության տարբեր ներկայացուցիչներ քննադատաբար խոսեցին նրա մարդասիրական կոչի մասին։ 

Իսկ ահա իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը խոսելով Կաթողիկոսի հայտարարության մասին ասաց ճշմարտությունը, որից ամեն կերպ իշխանությունները փախնում էին՝ Քոչարյանի նկատմամբ իրականացվող գործընթացը քաղաքական է․«Որևէ խորքային հակասություն չի եղել, ըստ էության: Եղել է հայտարարություն, որին եղել է իմ գործընկերոջ կողմից պատասխան-արձագանք, որի նպատակը եղել է հետևյալը՝ դա քաղաքական պրոցես է, հարգարժան Վեհափառ Տեր, և քաղաքական գործիչները պետք է անեն քաղաքական հայտարարություններ»,- 1in.am-ի հետ հարցազրույցում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման կոչին:

Սա ըստ էության իշխանություններին այլևս խուսանավելու տեղ չի թողնելու և այսուհետ անհնար կլինի խուսափել ճշմարտությունից։ Քոչարյանի պաշտպաններն ու աջակիցները պետք է շնորհակալություն հայտնեն Մխիթար Հայրապետյանին անառարկելի ճշմարտությունը վերջապես բարձրաձայնելու համար։