Շատ հնարավոր է՝ պարոն Իոանիսյանը զղջա իր հայտ...

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Գիշերը պարեկները կանգնեցրել են Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Էդգար Պետրոսյանւին և պարզել, որ նա մեքենան վարել է ոչ սթափ վիճակում:

Դատախազ Պետրոսյանը, սակայն, դիմադրություն է ցույց տվել, որի արդյունքում պարեկները ստիպված են եղել կիրառել ձեռքի արցունքաբեր գազ ու ձեռնաշղթաներ, որից հետո դատախազը ձերբակալվել է:

Այս պատմության էպիկ մասն այն է, որ մեկ այլ դատախազի որոշմամբ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրած դատախազ Էդգար Պետրոսյանը ազատ է արձակվել, իսկ նրա ձերբակալումը որակվել «ապօրինի»:

Այսպիսով, Հայաստանում կա պարեկային ծառայություն, որի համար մեկ է, թե խմած վարորդն ով է, բայց չկա դատախազություն, որը զերծ է ԽԾԲ-ական ավանդույթների պաշտպանությունից:

Հ.Գ. Էդգար Պետրոսյանը, իմիջիայլոց, ԱԺ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի եղբայրն է»:

Դանիել Իոաննիսյանին ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ՀՀ գլխավոր դատաախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ գրելով․ «Քիչ առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը, հավանաբար իրեն շփոթելով դատավորի հետ, Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Էդգար Պետրոսյանի հետ տեղի ունեցած միջադեպին առնչվող մի գրառում է արել ֆեյսբուքյան իր էջին՝ իրեն իրավունք վերապահելով ոչ միայն իրավական գնահատականներ տալ միջադեպի մասնակիցների գործողություններին, այլ նաև, կասկածի տակ դնել Է. Պետրոսյանին ձերբակալումից ազատ արձակելու վերաբերյալ հսկող դատախազի որոշման իրավաչափությունը և դատախազական ամբողջ համակարգին մեղադրել «ԽԾԲ-ական ավանդույթների պաշտպանության» մեջ:

Դանիել Իոաննիսյանը ո՛չ այդ դեպքի ականատեսն ու վկան է, ո՛չ տիրապետում կամ կարող էր տիրապետել վարույթի նյութերին, ոչ էլ առհասարակ որևէ առնչություն կարող է ունենալ տեղի ուենցածի հետ՝ նման անպատասխանատու «փաստագրումներ» անելու, ամբողջ համակարգի հեղինակության հետ խաղալու համար:

Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ տարրական բարեկրթությունն անգամ պետք է հուշեր զերծ մնալ նոր նախաձեռնված քրեական վարույթի պայմաններում անմեղության կանխավարկածի սկզբունքը խախտելուց՝ պարոն Իոաննիսյանին խորհուրդ ենք տալիս ժամանակից առաջ չընկնել, անհիմն ու անպատասխանտու հայտարարություններով չփորձել ազդեցություն գործադրել սկսված վարույթի նկատմամբ և կանխակալ հանրային կարծիք ձևավորել:

Քննությանը չխոչընդոտող որոշակի փուլում Դատախազությունը կհրապարակի դեպքի տեսանյութը և շատ հնարավոր է՝ պարոն Իոաննիսյանը զղջա իր ներկայիս մերկապարանոց հայտարարությունների համար՝ ստիպված լինելով տեսագրության մեջ մատնացույց անել պարեկին և դատախազին վերագրվող իբրև թե արարքները, նաև գուցե, ապատեղեկատվություն տարածելու համար խիստ անհարմար դրության մեջ դնի իրեն նման տեղեկատվություն տվողներին:

Դատախազությունը կոչ է անում ձևավորել իրավական գործընթացների նկատմամբ հարգանքի և դրանց վերաբերյալ բացառապես մասնագիտական դատողություններ անելու մշակույթ՝ նկատի ունենալով, որ «ԽԾԲ»-ական է ոչ թե ապօրինի ձերբակալված անձին ազատ արձակելը, այլ ժամանակավրեպ տեղեկությունների հիման վրա կատեգորիկ դատողություններ անելը միայն այն շարժառիթով, որ նման դատողություններ անող անձինք մասնակցություն են ունեցել պարեկային ծառայության ձևավորմանը»։