
ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Արթուր Այվազյանը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ անձնական էլեկտրոնային փոստին ապօրինի հասանելիություն են ստացել եւ ներբեռնել տեղեկություններ։ Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
««168.am» կայքում հրապարակված «Փաշինյանի խորհրդականն է ցուցում տալիս՝ ինչ մեղադրանք առաջադրեն Ռուբեն եւ Ռաֆիկ Հայրապետյաններին. սկանդալային տեսանյութ» վերնագրով հոդվածի եւ կից տեսագրության առնչությամբ տեղեկացնում ենք, որ քննիչի կողմից զեկուցագիր է ներկայացվել անձնական Էլեկտրոնային փոստին ապօրինի հասանելիություն ստանալու եւ տեսանյութում հրապարակված տեղեկությունները ապօրինի ներբեռնելու կապակցությամբ, որն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազի քննարկմանը»,- նշվում է հարցման պատասխանի մեջ։
Սրանով Քննչական կոմիտեն, ըստ էության, հաստատում է, որ հիշյալ էլեկտրոնային փոստը պատկանում է քննիչին, եւ, որ տարածված տեղեկությունը ներբեռնվել է քննիչի էլեկտրոնային փոստից։
Քիչ առաջ NEWS.am-ին Դատախազությունից էլ հայտնեցին, որ կայքի հրապարակումն ու փաստաբանի հաղորդումն ուղարկվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու համար։