
Մի շարք ընկերությունների գործունեությունը փաստացի ղեկավարած անձինք կատարել են առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում, հափշտակություն և խուսափել են հարկեր վճարելուց: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կիոմիտեն՝ մանրամասնելով, որ քրեական վարույթի շրջանակներում կազմավորված քննչական խումբը քննությանը հետաքրքրություն ներկայացնող ընդհանուր թվով 51 հասցեներում իրականացնում է միաժամանակյա խուզարկություններ։
«ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվում է մի շարք ընկերությունների գործունեությունը փաստացի ղեկավարած անձանց կողմից կեղծ հիմքեր ստեղծելու արդյունքում խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը։
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 11 անձի նկատմամբ կայացվել են հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումներ, որոնցից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, 1-ի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք, 1-ի նկատմամբ որոշում է կայացվել ձերբակալելու մասին՝ դատարան ներկայացնելու նպատակով, 4 անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Քրեական վարույթի շրջանակներում կազմավորված քննչական խումբը քննությանը հետաքրքրություն ներկայացնող ընդհանուր թվով 51 հասցեներում իրականացնում է միաժամանակյա խուզարկություններ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ են անցկացնում «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի գլխավոր գրասենյակում և ընկերության խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը.
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: