Քննարկվել են ռուս-հնդկական գործընկերության և...

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը հայտնել է, որ ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում կայացած բանակցությունների ընթացքում քննարկվել են ռուս-հնդկական գործընկերության և Մոսկվա-Նյու Դելի 23-րդ գագաթնաժողովի նախապատրաստման հարցերը։ Այս մասին Սուբրամանյամ Ջայշանկարը նշել է X սոցիալական հարթակում գրառման մեջ։

«Ուրախ էի այսօր Մոսկվայում հանդիպել արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Քննարկեցինք մեր երկկողմ գործընկերության վերաբերյալ հարցեր, որոնք ներառում էին առևտուր և ներդրումներ, էներգետիկա, շարժունակություն, գյուղատնտեսություն, տեխնոլոգիաներ, մշակույթ և մարդկանց միջև փոխգործակցություն։ Մտքեր փոխանակեցինք տարածաշրջանային, գլոբալ և բազմակողմ հարցերի շուրջ։ Վերանայեցինք Հնդկաստան-Ռուսաստան 23-րդ տարեկան գագաթնաժողովի նախապատրաստական ​​աշխատանքները», - գրել է նա նոյեմբերի 17-ին։

Ավելի վաղ Մոսկվայում Ջայշանկարի հետ բանակցությունների բացման ժամանակ Լավրովը հայտնել էր, որ ռուս-հնդկական գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել Նյու Դելիում երեք շաբաթից։

«Ակնհայտ է, որ այս փուլում մենք հատուկ, հատկապես լուրջ ուշադրություն ենք դարձնում միմյանց շուկաներում մեր տնտեսական օպերատորների համար բարենպաստ պայմանների ստեղծմանը», - Լավրովի խոսքերն է փոխանցում «Ինտերֆաքս» գործակալությունը։

Ռուսաստանի և Հնդկաստանի ակտիվ մասնակցությամբ ամենախոստումնալից նախագծերի շարքում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը նշել է Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը և Հյուսիսային ծովային երթուղին։