Քննարկվել են մշակութային կապերի խորացմանն ուղ...

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմը։ Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում:

Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա նշել է, որ մշակույթը, որպես ժողովուրդների հոգևոր ինքնության դրսևորում, ունի բացառիկ դեր՝ տարբեր ազգերին իրար մոտեցնելու, միմյանց ճանաչելի դարձնելու և վստահության կամուրջներ կառուցելու գործում։

Նախարար Աիդա Բալաևան իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և հյուրընկալության համար՝ բարձր գնահատելով Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրերի անցկացման հնարավորությունը։ Նա կարևորել է մշակութային երկխոսության շարունակականությունն ու խորացումը՝ որպես ժողովուրդների փոխադարձ ճանաչման և փոխընկալման ամուր հենարան։

Նախարարն իր խոսքում՝ ի դեմս Հանրապետության նախագահի, շնորհավորել և խաղաղություն ու բարօրություն է մաղթել Հայաստանի ժողովրդին գալիք Սուրբ Զատիկի՝ Հարության տոնի առթիվ:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրների միջև մշակույթի և հարակից ոլորտներում համագործակցության խորացման ուղիների շուրջ։

Կողմերը համակարծիք են եղել, որ ժողովուրդների միմյանց ճանաչման ամենակարճ ու արդյունավետ ճանապարհը մշակույթով իրար ներկայանալն է, քանի որ հենց մշակույթն է կրում արժեքների, մտածողության և պատմական հիշողության լեզուն: