Պահանջում ենք հրապարակել զեկույցը. անհետ կորա...

Անհետ կորած զինծառայողների հարազատները այսօր՝ հոկտեմբերի 6–ին դիմում փոխանցեցին Ազգային ժողովի ղեկավարությանը. Նրանք պահանջում են հանրայնացնել 44–օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցը, որն այդպես էլ չի հրապարակվել։

Քաղաքացիական ակտիվիստ Միքայել Մարգարյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Ինչպես գիտենք, անցած տարի գաղտնիացվել է այդ զոեկույցը, հիմա նոր Ազգային ժողովից պահանջում ենք, որպեսզի լինեն հանրային լսումներ և զեկույցը հանրայնացվի։ Պարտադիր պահանջը դա է։ Նախորդ գումարման Ազգային ժողովը ուշադրություն չդարձրեց պատշաճ կերպով այդ հարցին և անձամբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը արգելանք է դրել դրա հանրայնացնելու վրա, ինչի իրավունքը չուներ։

Մենք 5 նամակ ենք հղել. Ազգային ժողովի նոր նախագահին, անվտանգության նորաստեղծ հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանին և խմբակցությունների ղեկավարներին։

Կարծում եմ՝ նոր Ազգային ժողովը այս հարցի վերաբերյալ նախորդ Ազգային Ժողովի վերաբերմունքի մասին կարծիք կհայտնի և հույս ունենանք՝ որոշում կկայացնի հանրայնացնելու զեկույցը և հայտնել ժողովրդին ճշմարտությունը։ Ըստ այդմ արդեն կհասկանանք, թե ինչու նախորդ Ազգային Ժողովում վարվեց այսկերպ, ինչու բոլորին խոստացան, որ դա լինելու է հանրային, բայց հանրային չի մինչ այսօր։

ՔՊ–ին դիմելը ձևական բնույթ է կրում, ակնկալիքը ընդդիմությունից է, ողջամտությունից է։ Միգուցե, իշխանությունը մի օր կասի՝ լավ, գուցե դա վտանգավոր էր վերընտրվելու համար, ու որոշ չափով ճշմարտությունը կարող է հայտնել։ Այդ դեպքում, մենք ճշմարտությունը կիմանանք, թե ինչու է պատերազմը սկսվել, ինչու է ընթացել այդպես և ինչու մինչ այսօր մենք ունենք պատերազմի հետևանքներ»։