
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Խտրականության դեմ պայքարի վարչության Ներառականության և խտրականության դեմ արգելքի ծրագրերի բաժնի ղեկավար Թորսթեն Աֆլերբախին և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում ծրագրի պատասխանատու Հակոբ Գաբրիելյանին։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրությունը, Պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը ներկայացրել է երկրում իրավահավասարության երաշխավորման և հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերներն ու դրանց հասցեագրման հարցում համակարգային մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտությունը։ Իբրև մտահոգության առարկա՝ քննարկվել է խտրական խոսույթի և ատելության խոսքի տարածումն առցանց տիրույթում, մեդիադաշտում, այդ թվում՝ քաղաքական և հանրային գործիչների կողմից։
Նինա Փիրումյանը բարձր է գնահատել խտրականության դեմ պայքարի ոլորտում ՄԻՊ աշխատակազմի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության մակարդակը՝ պատրաստակամություն հայտնելով ընդլայնելու փոխգործակցությունը: Հանդիպման շրջանակում, ի թիվս այլնի, քննարկվել են համագործակցության թե՛ կարճաժամկետ և թե՛ հեռանկարային ուղղությունները, Եվրոպայի խորհրդի աջակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացման հնարավորությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև այլ խմբերի իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցերին։
Իր հերթին Թորսթեն Աֆլերբախը շնորհակալություն է հայտնել ընդունելության և արդյունավետ քննարկման համար։