Քննարկվել են կամավորական ներուժի օգտագործմանն...

Հայաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչներին։

ՀՀ ՆԳ նախարարությունից հայտնում են, որ Արմեն Ղազարյանն իր խոսքում կարևորելով հայ-ֆրանսիական ակտիվ գործընկերությունը՝ հույս է հայտնել, որ ՆԳ նախարարության և ենթակա մարմինների, մասնավորապես՝ Փրկարար ծառայության հետ համատեղ նախաձեռնությունները հաջողությամբ կյանքի կկոչվեն։

Դեսպանատան առաջին խորհրդական Ժուլի Ֆորը ընդգծել է, որ Ֆրանսիան հետաքրքրված է Փրկարար ծառայությունում կամավորական ջոկատների ստեղծման նախագծի իրականացմամբ, ինչը թույլ կտա զարգացնել ճգնաժամային իրավիճակներում արագ արձագանքման կարողությունները, իրականացնել ռիսկերի ու կարիքների գնահատում և կատարելագործել քաղաքացիական պաշտպանության ոլորտը։

Արմեն Ղազարյանը կարևորելով ֆրանսիական կողմի նախաձեռնությունը՝ նշել է, որ ՆԳ նախարարության համար առաջնահերթություն է, որ նախագծում ներառված լինի նաև այս ոլորտում թվային գործիքակազմերի ներդրումը։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հստակեցնել նաև կամավորներին ներգրավելու, վերապատրաստելու, մոտիվացնելու և կամավորական փրկարարական ցանցը գործարկելու մեխանիզմները։

Նախագիծն իրագործելու համատեքստում կարևորվել է եվրոպական գործընկերների և Ավստրիական Կարմիր խաչի հետ ակտիվ համագործակցությունը:
Քննարկվել են համագործակցությունը շարունակելու և ընդլայնելու ուղղությամբ մի շարք հարցեր: