Քննարկվել են ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաներ...

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը հուլիսի 30-ին հանդիպել է մեր երկրում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կլաուդիա Բուշի հետ: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում ԳԴՀ փոխդեսպան Լարս Հենիգը: Հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

Վլադիմիր Վարդանյանը կարեւորել է հայ-գերմանական հարաբերությունների զարգացումը` նշելով, որ դրանք ունեն ակտիվ եւ դինամիկ ընթացք:

Կողմերն ընդգծել են միջխորհրդարանական կապերի խորացման անհրաժեշտությունը: Դեսպանը հույս է հայտնել, որ սեպտեմբերին իր երկրի նորընտիր խորհրդարանում կձեւավորվի Գերմանիա-Հայաստան բարեկամական նոր խումբ: Այս համատեքստում կարեւորվել են նաեւ խորհրդարանների միջեւ փոխայցերը:

Հանդիպման մասնակիցները խոսել են տնտեսական, մշակույթի եւ զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցերի մասին: Անդրադարձ է կատարվել ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացմանն առնչվող հարցերին:

Դեսպանը վերահաստատել է իր հանձնառությունը` աջակցելու երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը: