Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունները

Ապրիլի 20-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից:

ԱԽ քարտուղարը շնորհավորել է հատուկ ներկայացուցչին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ գործունեություն և նորանոր հաջողություններ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների ընթացիկ օրակարգը և զարգացման հեռանկարները: Արմեն Գրիգորյանն ընդգծել է Հայաստան-ՆԱՏՕ երկկողմ հարաբերությունների ամրապնդման դրական դինամիկան: Իր հերթին Քևին Հեմիլթոնը կարևորել է ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններում Հայաստանի ներգրավածության արդյունքում ձևավորված համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ: