Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ո...

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վիեննայում հանդիպել է Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ։

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից՝ ներկայացնելով հանդիպման մանրամասները։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման  ուղղությամբ ընթացիկ աշխատանքները: Երկուստեք ընդգծվել է, որ օրակարգի բովանդակային հագեցվածությունը և հարաբերությունների զարգացման դինամիկան  արտացոլում են դրանց ռազմավարական բնույթը։

Անդրադարձ է կատարվել հաջորդ տարվա մայիսին Երևանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին։

Տարածաշրջանային զարգացումների համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է տրանսպորտային ու տնտեսական ենթակառուցվածքների վերագործարկման, նորերի կառուցման ուղղությամբ ընթացիկ քննարկումներն ու առկա հնարավորությունները։