Քննարկվել են Հայաստանում Ֆրանկոֆոնիայի խաղերի...

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործադիր տնօրեն Կարոլին Սենթ Իլերի հետ:

 ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են 2027 թվականին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի խաղերի անցկացման ուղղությամբ իրականացվող քայլերին, նախապատրաստական աշխատանքների ընթացքին, ինչպես նաև առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նշել է, որ այցի նպատակն է նաև ուսումնասիրել Օլիմպիական խաղերի կազմակերպման ուղղությամբ Փարիզի ունեցած փորձը, որը կարող է օգտակար լինել Ֆրանկոֆոնիայի խաղերը բարձր մակարդակով անցկացնելու առումով:

Արայիկ Հարությունյանը և Կարոլին Սենթ Իլերը արդյունավետ են գնահատել երկկողմ համագործակցությունը և համոզմունք հայտնել, որ խաղերը ՀՀ-ում կանցկացվեն պատշաճ և լավագույնս: 

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում նախատեսվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ պետությունների Մշակույթի նախարարների հանդիպմանը վերաբերող հարցերի: