Քննարկվել են Հայաստան-Իրաք երկկողմ հարաբերութ...

Նյու Յորք կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդի հետ։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իրաք երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող մի շարք հարցեր։ Երկուստեք ընդգծվել է հայ-իրաքյան հարաբերությունների դինամիկ զարգացման և փոխադարձ շահագրգռվածության հիման վրա կառուցվող քաղաքական երկխոսության ու գործնական համագործակցության խորացման անհրաժեշտությունը։

Կողմերը կարևորել են երկկողմ տնտեսական փոխգործակցության ընդլայնումը՝ հատկապես առևտրի, ներդրումների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։ Այս համատեքստում ընդգծվել է Երևան-Բաղդադ ուղիղ թռիչքների ներդրման անհրաժեշտությունը՝ որպես քաղաքական, տնտեսական և զբոսաշրջային կապերի խթանման կարևոր գործիք։

Զրուցակիցները երկուստեք դրական են գնահատել վերջերս կայացած հայ-իրաքյան գործարար համաժողովի անցկացումը և շեշտել նման նախաձեռնությունների շարունակական խթանման կարևորությունը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումների և ընդհանուր իրադրության վերաբերյալ: Մասնավորապես առանձնահատուկ շեշտվել է սույն թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո ստեղծված իրադրության պայմաններում տևական ու կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ տարվող աշխատանքների, այս համատեքստում «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրականացման հեռանկարների ու տարածաշրջանային փոխշահավետության առկա ներուժի կյանքի կոչման կարևորությունը:

Զրույցի ընթացքում նախագահները կարևորել են նաև կրթության ոլորտում երկու երկրների հետագա գործակցության զարգացումը, ինչի կապակցությամբ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանում՝ Գյումրիում Լոզանի հյուրանոցային կառավարման դպրոցի (Ecole hôtelière de Lausanne) մասնաճյուղի բացումը կարող է լավ հնարավորություն դառնալ նաև իրաքցի ուսանողների համար, ինչը կխթանի ուսանողների փոխանակման ծրագրերի ակտիվացումը: