Քննարկվել են Հայաստան-Բելգիա հարաբերություննե...

Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի և Բելգիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Բարտ Դը Վեվերի հանդիպումը: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունը, զրուցակիցները քննարկել են Հայաստան-Բելգիա հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Կողմերը գոհունակություն են հայտնել քաղաքական երկխոսության դինամիկ բնույթից և կարևորել առևտրատնտեսական գործընկերության զարգացման, ներդրումների, բիզնես կապերի ընդլայնման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը: 

Բելգիայի վարչապետը հայտնել է իր երկրի աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացման գործում` վստահություն հայտնելով, որ ՀՀ վարչապետի Բրյուսել այցը նոր ազդակ կհաղորդի երկկողմ համագործակցության զարգացմանը:

Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել հուլիսի 14-ին տեղի ունեցած հանդիպումների արդյունքներից և ընդգծել ՀՀ կառավարության հանձնառությունը` զարգացնելու գործակցությունը ԵՄ-ի հետ, այդ թվում` ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունավետ առաջմղման ուղղությամբ: 

Նիկոլ Փաշինյանը և Բարտ Դը Վեվերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, այդ թվում` Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի շուրջ:  

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Բրյուսել ավարտվել է: