Քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց...

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները ՀՀ մարզերում իրականացվող իրազեկման արշավի շրջանակում սեպտեմբերի 23-ին ՀՀ Լոռու մարզում հերթական հանդիպումն են ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից:

Հանդիպումը կազմակերպվել է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի անդամ, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հասարակական կազմակերպության հետ համատեղ:

Քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման հետ կապված մի շարք հարցեր, վեր են հանվել ոլորտում առկա խնդիրները, ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման լիազորության իրականացման շրջանակում հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավման հնարավորությունները և այլն։

ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները հաշմանդամություն ունեցող անձանց հետ համատեղ իրականացրել են հերթական մշտադիտարկման այցը ՀՀ Լոռու մարզում հիմնանորոգված դպրոցներից մեկը՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիությունը դիտարկելու նպատակով։ Նույն նպատակով հաշմանդամություն ունեցող անձանց հետ համատեղ այց է իրականացվել նաև Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատ։

Այցի ընթացքում արձանագրվել են հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովման հետ կապված մի շարք խնդիրներ, որոնք կամփոփվեն և կհասցեագրվեն իրավասու մարմիններին: