Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, որի ընթացքում երկու կողմերը քննարկել են Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը և հայտարարել, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պետք է հանձնի վերջին պատանդների աճյունները։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Կոռնելիուսը։
Նա նշել է, որ Մերցը և Նեթանյահուն «քննարկել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմի հետագա կայունացման ուղիները»։ «Կողմերը համաձայնության են եկել, որ մարդասիրական օգնությունը պետք է Գազայի բնակիչներին հասցվի անվտանգ ճանապարհով և բավարար քանակությամբ։ ՀԱՄԱՍ-ը պետք է անհապաղ հանձնի վերջին պատանդների աճյունները», - ընդգծել է Կոռնելիուսը։
Հոկտեմբերի 9-ին Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը Եգիպտոսի, Կատարի, ԱՄՆ-ի և Թուրքիայի միջնորդությամբ համաձայնության են եկել հաշտության պլանի առաջին փուլի իրականացման շուրջ, որը ներկայացրել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Գազայում հրադադարի ռեժիմը, Թրամփի պլանի համաձայն, ուժի մեջ է մտել հոկտեմբերի 10-ից։
ՀԱՄԱՍ-ը հոկտեմբերի 13-ին ազատ է արձակել 20 ողջ մնացած իսրայելցի պատանդներին և հանձնել չորս մահացած գերիների աճյունները։ Իսրայելի իշխանությունները դժգոհություն են հայտնել, որ արմատականները վերադարձրել են 28 մարմիններից միայն չորսը։ Հետագա օրերին ՀԱՄԱՍ-ը Իսրայելին է հանձնել ևս մի քանի զոհվածների աճյուններ:



