Քննարկվել են ԵՄ Թումո ինժեներական և կիրառական...

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը  «Թումո»  ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մասնակցել են ԵՄ Թումո  ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի կառուցման աշխատանքային հանդիպմանը:

Համալիրը կառուցվում է պետության աջակցությամբ և Եվրամիության դրամաշնորհային ծրագրով:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, «Թումո» կենտրոնի հիմնադիր տնօրեն Բեկոր Փափազյանը և այլք:

Քննարկվել են ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի և Թումո լաբերի կրթական ծրագրերի մանրամասները։ Կողմերն անդրադարձել են ինժեներական և ձեռնարկատիրական կրթության ոլորտում ԵՄ և Թումո համագործակցությանը, ինչպես նաև 2025 թվականի պլաններին։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել նախորդ տարիների ընթացքում գործադրած համատեղ ջանքերի ու կատարած աշխատանքի համար՝ համագործակցությունը կարևորելով ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի իրականացման համատեքստում: Նախարարն ընդգծել է՝ ԲՏՃՄ ուղղություններով կրթության զարգացումը հանրակրթության պետական նոր չափորոշչի ամենակարևոր բաղադրիչներից  է, և ՀՀ կառավարությունը տարաբնույթ ծրագրեր է իրականացնում՝ ուղղված այդ ոլորտում որակական փոփոխության ապահովմանը:

«Անկասկած, այս նորարարական նախաձեռնությունն ու միջավայրը շատ կարևոր են: Կարծում եմ՝ ինժեներական կրթության նոր  կենտրոնի հիմնումը նախ և առաջ ուղղված է  մեր երկրում մարդկային կապիտալի զարգացմանը»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ կարևոր է «Թումո տուփ» ծրագրի իրագործումը.  դպրոցների հարևանությամբ «Թումո տուփերի» տեղակայումը զարգացման նոր հնարավորություն է, որը միաժամանակ նոր հմտությունների ձեռքբերման ու վերապատրաստման բարենպաստ միջավայր է ուսուցիչների և սովորողների համար: Ժաննա Անդրեասյանը կարևորել է որակյալ կրթական ծառայությունների հասանելիությունը՝ ներառյալ ոչ ֆորմալ կրթությունը, ինչպիսին իրականացնում է  Թումո կենտրոնը Հայաստանի տարբեր բնակավայրերում: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ շատ կարևոր է ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական ծրագրերի սիներգիան,  քանի որ դրանք միասին ստեղծում են կրթության որակի բարելավման միջավայր:

Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, կարևորելով նախաձեռնությունը, նշել է՝ ԵՄ-ն պատրաստակամ է աջակցելու մարդկային կապիտալի զարգացումը խթանող նախաձեռնություններին, որոնք կարևոր նախադրյալ են Հայաստանում կայուն տնտեսական առաջընթացի ապահովման համար:

ԿԳՄՍ նախարարն ու ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը նաև շրջայց են կատարել կրթական կենտրոնի տարածքում, ծանոթացել իրականացվող ծրագրերին: