Քննարկվել են բնապահպանության ոլորտում Հայաստա...

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են բնապահպանության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Կարևորվել է համատեղ ծրագրերի և փորձի փոխանակման խթանումը՝ հաշվի առնելով Հայաստանի և Իտալիայի միջև առկա փոխվստահության մթնոլորտը և ընդհանուր օրակարգային մարտահրավերները։

«Դեսպանին եմ ներկայացրել ՀՀ կառավարության կողմից շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, հատկապես ընդգծելով 2026 թվականին Երևանում անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նշանակությունը։ Անդրադարձել ենք հնարավոր համագործակցությանը համաժողովի նախապատրաստական գործընթացում»,- հանդիպումից մանրամասներ է ներկայացրել Հակոբ Սիմիդյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով: 

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և Իտալիայի շրջակա միջավայրի անցումային նախարարության միջև 2021 թվականին ստորագրված փոխըմբռնման հուշագրին, որը հիմք է ծառայում բնապահպանական տարբեր ուղղություններով համատեղ նախաձեռնությունների զարգացման համար։

ՀՀ ՇՄ նախարարը հանդիպումը կարևոր քայլ է համարում երկրների միջև բնապահպանական ոլորտում երկխոսության խորացման և երկարաժամկետ համագործակցության հնարավորությունների վերհանման ճանապարհին: