Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Աթենքի առևտրի և արդյունաբերության պալատի նախագահ Յանիս Բրատակոսի հետ։
Դեսպանությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են երկկողմ տնտեսական և գործարար կապերը զարգացնելու հեռանկարները, հատկապես, հաշվի առնելով, որ Հայաստանը և Հունաստանը վայելում են հիանալի հարաբերություններ քաղաքական, պաշտպանական, մշակութային, կրթական և մի շարք այլ ոլորտներում, և բոլոր ուղղություններով հարաբերությունները շարունակական զարգացում են ապրում։
Հիշատակվել է նախորդ տարի Enterprise Armenia-ի և Enterprise Greece-ի միջև ստորագրված համագործակցության հուշագիրը՝ որպես կարևոր հիմք հետագա համագործակցության համար։
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի համար ներդրումային հետաքրքրություն ներկայացնող ոլորտները` բարձր տեխնոլոգիաները, վերականգնվող էներգիան, վերամշակումը, շինարարությունը և ենթակառուցվածքների ընդլայնումը, ինչպես նաև գյուղատնտեսությունը, որոնցից մի քանիսի ուղղությամբ թիրախային և շոշափելի համագործակցության ձևավորումը Հունաստանի հետ իրատեսական է։
Քննարկվել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործարար շրջանակների միջև շփումներն ակտիվացնելու կարևորությունը և համաձայնություն է ձեռք բերվել փոխադարձ գործարար առաքելությունների կազմակերպման հարցում, մասնավորապես բարձր տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների զարգացման և սննդարդյունաբերության ուղղություններով։



