Քննարկվել է նաև Մեղրի սահմանային անցակետի արդ...

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական միության, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ինչպես նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի  ներկայացուցիչներին։

ՊԵԿ–ից հայտնում են, որ հանդիպմանը կողմերը քննարկել են Մեղրի սահմանային անցակետի արդիականացման ծրագիրը, որը  ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն Պետական եկամուտների կոմիտեի, այլև Հայաստանի Հանրապետության համար: ՊԵԿ նախագահը նշել է, որ  հայ-իրանական սահմանին օրեցօր աճող առևտրային հոսքերի պայմաններում Մեղրիի սահմանային անցակետի արդիականացումը կնպաստի հայ-իրանական սահմանին մաքսային գործառնությունների դյուրացմանը, սահմանային անցակետի թողունակության պահանջների բավարարմանը, ինչպես նաև սահմանային անվտանգության ռիսկերի արդյունավետ կառավարմանը։ Ծրագիրը կնպաստի նաև «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի ակտիվացմանը՝ խթանելով տարանցիկ բեռնափոխադրումներին։

Հանդիպման ընթացքում ՊԵԿ նախագահն իր երախտագիտությունն է հայտնել ԵՄ և ՎԶԵԲ գործընկերներին  ցուցաբերված աննախադեպ աջակցության համար՝ հույս հայտնելով, որ չնայած առկա մարտահրավերներին, հաջորդ տարի հնարավոր կլինի ավարտել Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագիրը և ունենալ միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան ժամանակակից սահմանային անցակետ։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը շարունակել և զարգացնել առկա համագործակցությունը։