Քննարկվել է մի շարք կառույցների հուշարձանի կա...

ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա երկրորդ նիստում քննարկվել է մի շարք պատմամշակութային օբյեկտների՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը։ Փորձագիտական եզրակացությամբ հուշարձանի կարգավիճակ կշնորհվի  9 կառույցի։

Հանձնաժողովի որոշմամբ՝ տեղական նշանակության նորահայտ հուշարձանների կարգավիճակ է տրվել ներքոնշյալ օբյեկտներին՝

Երևանի Մ․ Բաղրամյան պողոտա 6 հասցեի բնակելի տունը (1947 թ.),

Երևանի Մ․ Բաղրամյան պողոտա 9 հասցեի բնակելի տունը (1945-1950 թթ.)

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դրոյի փողոց 2/3 հասցեի «Զեյթունցիներ» հարթաքանդակների համալիրը (1985-1986 թթ․),

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում գտնվող հնձանը (19-րդ դ․ վերջ- 20-րդ դ. սկիզբ),

Կոտայքի մարզի Կամարիս գյուղի մատուռ Սբ․ Սարգիս (19-րդ դ):

Հանրապետական նշանակության հուշարձանների կարգավիճակ են ստացել՝

Արարատի մարզի Վեդի քաղաքի դամբարանադաշտը (մ.թ.ա. 1-ին հազ. սկիզբ),

Դաշտաքար գյուղի բնակատեղին (մ.թ.ա. 3-1-ին դդ.),

Ուրցաձոր գյուղի գյուղատեղին (մ.թ.ա. III հազ., միջնադար),

Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղի Վիմափոր եկեղեցին (13-14-րդ դդ․):

Միաժամանակ քննարկվել են նաև Արարատի մարզի Վեդի քաղաքի դամբարանադաշտ (Ք.ա. 1-ին հազ. սկիզբ երկաթե դար), Կոտայքի մարզի Կամարիս գյուղի Սբ․ Սարգիս մատուռի (19-րդ դ.), Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղի Վիմափոր եկեղեցի, (13-14-րդ դդ․) և ևս 22 այլ նորահայտ հուշարձանների  պահպանական գոտիների նախագծեր։

Ընդունելի համարված բոլոր նախագծերը, ըստ սահմանված կարգի, կուղարկվեն համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը, որից հետո կհաստատվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից։