Քննարկվել է Հայաստանի նախաձեռնած «Խաղաղության...

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Չինաստանի ժողովրդական քաղաքական խորհրդակցական համաժողովի ազգային կոմիտեի փոխնախագահ Սու Հույի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունել է հյուրերին և նշել. «Ուրախ եմ Ձեզ ընդունել Հանրապետության նախագահի նստավայրում։ Հուսով եմ, որ այս այցելությունը կնպաստի մեր երկրների հարաբերությունների հետագա զարգացմանը։

Հայ-չինական հարաբերությունները կարելի է դիտարկել երկու մակարդակով։ Առաջինը՝ մեր ժողովուրդների հազարամյակների պատմություն ունեցող կապերն են, որոնք ձևավորել են փոխադարձ վստահության և հարգանքի մթնոլորտ, և այդ ավանդույթը շարունակվում է մինչ օրս։ Երկրորդը՝ Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններն են, որոնք սկիզբ են առել 1992 թվականից։

Վերջին օրերին Չինաստանում կայացած բաձր մակարդակի հանդիպումները երկկողմ քաղաքական հարաբերությունները հասցրել են ռազմավարական գործընկերության մակարդակի։ Չինաստանի հետ հարաբերությունները մեր արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից են, և ռազմավարական գործընկերության շրջանակում համագործակցությունը նոր հնարավորություններ կբացի մեր երկրների համար»։

Սու Հույը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել. «Նախ և առաջ թույլ տվեք փոխանցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի ջերմ ողջույնները Ձեզ։ Մի քանի օրից Հայաստանը նշելու է Անկախության 34-րդ տարեդարձը, և այս առիթով ցանկանում եմ փոխանցել նաև նախագահ Սի Ծինփինի շնորհավորական ուղերձը։ Իմ պատվիրակության անունից ևս ցանկանում եմ շնորհավորել Ձեզ և Ձեր գործընկերներին այս կարևոր տոնի կապակցությամբ»։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-չինական հարաբերությունների տարբեր ուղղություններին։ Երկուստեք ընդգծվել է, որ տնտեսական կապերը վերջին տարիներին դինամիկ կերպով զարգանում են, և առկա են նոր նախաձեռնությունների համար լայն հնարավորություններ՝ ներառյալ ներդրումային ծրագրերի խթանումը, ենթակառուցվածքների և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությունը։

Նշվել է նաև, որ միջազգային հարթակներում երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ գործընկերությունը նպաստում է փոխադարձ շահերի պաշտպանությանը և երկկողմ քաղաքական երկխոսության ամրապնդմանը։

Անդրադառնալով հումանիտար ոլորտին՝ կողմերը կարևորել են կրթության և գիտության բնագավառներում փոխգործակցային ներուժի լիարժեք իրագործումը։ Այս առումով որպես հաջողված օրինակ առանձնացվել է Երևանի Հայ-չինական բարեկամության դպրոցի գործունեությունը, որն արդեն տարիներ շարունակ կարևոր դեր է խաղում երկու ժողովուրդների միջև մշակութային և կրթական կապերի ընդլայնման գործում։

Նախագահ Վահագն Խաչատուրյանը երախտագիտություն է հայտնել Չինաստանի ժողովրդին և իշխանություններին՝ տարիների ընթացքում Հայաստանին ցուցաբերված մարդասիրական և զարգացմանն ուղղված աջակցության համար։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային իրողություններին։ Այս համատեքստում քննարկվել է Հայաստանի նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրականացումը, որը կարող է նոր հնարավորություններ ստեղծել տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնման, ինչպես նաև տարածաշրջանում կայունության և երկարաժամկետ խաղաղության հաստատման համար։