Քննարկվել է Հայաստանի արդարադատության համակար...

Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ դատական դեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Արթուր Աթաբեկյանն ընդգծել է բարեկամ Իրանի հետ վստահության, փոխադարձ հարգանքի հենքով ստեղծված բազմամյա հարաբերությունները, ինչի հավաստումն է նաև արդարադատության ոլորտում առկա ամուր փոխգործակցությունը։

Հանդիպմանը քննարկվել են դատաիրավական ոլորտի բարեփոխումներին, իրավակիրառ պրակտիկային, միջազգային իրավունքին և մարդու իրավունքներին առնչվող առարկայական հարցեր։ 

Իրանի արդարադատության նախարարը ԲԴԽ նախագահին է ներկայացրել Իրանի Իսլամական Հանրապետության դատական իշխանության առանձնահատկությունները։ 

Կողմերի ուշադրության կենտրոնում են եղել Հայաստանում դատավարական գործընթացներին, դատավարության ժամկետներին և դատարանների գերբեռնվածությանը վերաբերող հարցեր։ 

Գործընկերները անդրադաձել են նաև մեր երկրների միջև համագործակցության հետագա ուղիների, փորձի փոխանակման և արդյունավետ երկխոսության հեռանկարներին։

Բարձրագույն դատական խորհրդի նախագահը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, ինչպես նաև երախտիքի խոսքեր է հղել հանդիպման մասնակից, մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։

 Նա շնորհավորել է դեսպանին ՀՀ նախագահի հրամանագրով շնորհված Բարեկամության շքանշանի կապակցությամբ՝ հաջողություն մաղթելով հետագա ձեռնարկումներում։