Քննարկում` հաշվապահական հաշվառման և գնումների...

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել քննարկում հաշվապահական հաշվառման և գնումների գործընթացի վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են հանրային և մասնավոր հատվածներում հաշվապահական հաշվառման և գնումների ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ քննարկումը վարել են ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը և գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև ԿԳՄՍՆ հաշվապահական հաշվառման և գնումների կազմակերպման, հանրակրթության և արտադպրոցական կրթության քաղաքականության մշակման և վերլուծության ստորաբաժանումների պատասխանատուները:

ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը ողջունել է ներկաներին և նշել, որ հանդիպման հիմնական նպատակը երկու մարզում իրականացվող փորձնական ծրագրով հայտարարված մրցույթների շրջանակում  համապատասխան ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչների դիտարկումները լսելն ու, ըստ անհրաժեշտության, հետագա մրցույթների կազմակերպման ժամանակ որոշակի վերանայումներ կատարելն է:  

«Հանրակրթության բարեփոխումների շրջանակում դպրոցների կառավարման համակարգի փոփոխություն է կատարվել` դպրոցներում վարչատնտեսական գործառույթներն առանձնացվել  են կրթության բովանդակային կառավարումից: Վարչատնտեսական համակարգողներին վերապահվել է հաշվապահական հաշվառման, գնումների, տարածքների սպասարկման, մաքրման, անվտանգության, սննդի կազմակերպման և վարչատնտեսական այլ գործառույթների համակարգման իրականացումը: Նախատեսվում է նշված գործառույթներից որոշները փուլ առ փուլ իրականացնել արտապատվիրակման սկզբունքով»,- ասել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղարը:

Հասմիկ Հակոբյանի խոսքով՝  նախարարության կողմից դեռևս անցած տարվանից մեկնարկել են հաշվապահական հաշվառման և գնումների ծառայությունների արտապատվիրակման վերաբերյալ քննարկումները, մշակվել և կազմվել է պահանջվող հիմնական փաստաթղթերի փաթեթը, կատարվել է համապատասխան վերլուծություն: Արտապատվիրակման գործընթացը կփորձարկվի երկու մարզերում՝ Կոտայքում և Տավուշում: Հաջորդաբար, հաշվի առնելով գործընթացի արդյունավետությունը, ինչպես նաև հնարավոր խնդիրները՝ մոդելի կիրառման աշխարհագրությունը կընդլայնվի:   

Հասմիկ Հակոբյանը նշել է, որ պետությունը կարևորում է  ոլորտում որակյալ ծառայությունների մատուցման և որակի ստանդարտների ձևավորման  ապահովումը:

Հանդիպման  ընթացքում ոլորտային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են ուսումնական հաստատությունների հաշվապահական հաշվառման և գնումների համակարգողի ծառայությունների ձեռք բերման հայտերի, մասնավորապես՝ տեխնիկական բնութագրերի լավարկման և մասնակիցներին ներկայացվող պահանջների վերանայման հարցերը:

Շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները՝ տեխնիկական բնութագրերի լավարկման և մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ: