Քնեսեթն արգելափակել է ՄԱԿ-ի գործակալության գո...

Իսրայելի խորհրդարանն ընդունել է օրենք, որն արգելափակում է ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման գործակալության (UNRWA) աշխատանքը։ Այս մասին հաղորդում է Euronews-ը։

Փաստաթղթի համաձայն՝ պաղեստինցի փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալությանը կարգելվի «ցանկացած գործունեություն» իրականացնել կամ որևէ ծառայություն մատուցել Իսրայելի տարածքում։ Իսրայելի իշխանություններին արգելվում է որևիցե շփում ունենալ UNRWA-ի հետ։ 

Իսրայելում հայտարարում են, որ UNRWA-ի հարյուրավոր աշխատակիցներ կապեր ունեն պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման զինյալների հետ, և որ գործակալության օբյեկտների մոտ կամ դրանց տակ ՀԱՄԱՍ-ի զինտեխնիկա է հայտնաբերվել։ Բացի այդ, ըստ Իսրայելի՝ կազմակերպության հովանու ներքո գտնվող ուսումնական հաստատություններն ատելություն են բորբոքում Իսրայելի նկատմամբ և փառաբանում են ահաբեկչությունը:

UNRWA-ում հայտարարել են, որ Իսրայելի որոշումը կհանգեցնի մարդասիրական օգնության գործընթացի կոլապսի:

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ օրենքը «դե ֆակտո անհնարին կդարձնի UNRWA-ի կենսականորեն կարևոր գործողությունները Գազայում և լրջորեն կդժվարացնի ծառայությունների մատուցումը Հորդանան գետի Արևմտյան ափին»:

Իսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսն այդ առնչությամբ հայտարարել է, որ Իսրայելի Քնեսեթի կողմից այդ օրենքի ընդունումը կործանարար հետևանքներ կունենա միլիոնավոր պաղեստինցիների համար:

«UNRWA-ն անփոխարինելի փրկօղակ է Պաղեստինի ժողովրդի համար, և այդպես եղել է վերջին յոթ տասնամյակների ընթացքում: Իսրայելի խորհրդարանի որոշումը՝ արգելելու UNRWA-ին աշխատել միլիոնավոր պաղեստինցիների կյանքեր փրկելու և առողջությունը պաշտպանելու համար, կործանարար հետևանքներ կունենա»,-  գրել է ԱՀԿ-ի ղեկավարը X սոցիալական հարթակում։