ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ՀՀ ՊՆ-ի «ՅԱԿ-52»...

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել օրերս ՀՀ ՊՆ-ի «ՅԱԿ-52» տեսակի ուսումնավարժական ինքնաթիռի վթարի վերաբերյալ, ինչի հետևանքով մահացել է երկու անձ:

«2024թ. հուլիսի 19-ին ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասում անցկացվող ուսումնավարժական թռիչքի ժամանակ Եղվարդ քաղաքի «Լճեր» կոչվող տարածքում վթարի է ենթարկվել ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող «ՅԱԿ-52» տեսակի «15» կողային համարի ինքնաթիռ, որի հետևանքով անձնակազմի երկու անդամները՝ հրահանգիչ-օդաչու, ավագ լեյտենանտ Արմեն Խաչիկի Իսախանյաը (ծնված 1998թ․) և ՀՀ ՊՆ ռազմական ակադեմիայի կուրսանտ Արմեն Կարենի Խաչատրյանը (ծնված 2004թ․) մահացել են։ 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում նույն օրը, ՀՀ քրեական օրենսգրքի 539-րդ հոդվածի 4-րդ մասով (ռազմական թռչող սարքերի թռիչքների, դրանց նախապատրաստման կամ շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ), նախաձեռնվել է քրեական վարույթ»,-  նշված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ: 

Ձևավորվել է քննչական խումբ: Նախաքննության շրջանակներում իրականացվել և շարունակվում են մեծածավալ քննչական և ապացուցողական գործողություններ։