Մենք ոչ թե զրոյացնում ենք փաթեթը, այլ որոշակի սոցիալական խմբերի աջակցում ենք, և, ըստ էության, աշխատանքային տարիքի մարդկանց քաջալերում ենք, որ նրանք արդեն աշխատեն և իրենց աշխատանքով այդ բոլոր կարիքները հոգան: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 21-ին, կառավարության նիստի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ 2025-ին աստիճանաբար նվազեցվելու են արցախցիներին տրվող դրամական աջակցության գումարները:
«Աղքատության գնահատման համակարգում մեր ռազմավարությունը պիտի լինի հետևյալը, որ քայլ-քայլ պետք է հրաժարվենք աշխատունակ մարդուն ընդհանրապես որևէ աջակցություն տրամադրումից: Բայց մյուս կողմից էլ սահմանափակումներ ունեցող մարդկանց պարագայում մենք պետք է օգնենք, որպեսզի նրանք աշխատանքային հմտություններ ձեռք բերեն:
Կներեք, բայց ժամանակակից աշխարհում նաև սայլակին գամված մարդը կարող է աշխատել և բավականին լավ վաստակել։ Մենք պետք է մարդկանց տրամադրենք այսպիսի ընկալմամբ, ամենևին չասելով, որ մենք հրաժարվելու ենք սահմանափակումներ, հաշմանդամություն ունեցող անձանց համար սոցիալական փաթեթներից: Պարզապես պետք է քաջալերենք աշխատանքը, որովհետև էլի եմ ասում, նախկինում էլ ասել եմ, հիմա էլ ասում եմ և դա կարծում եմ աքսիոմա է, որ աղքատությունը հնարավոր է հաղթահարել աշխատանքով։
Չկա տենց տարբերակ, որ չաշխատես ու աղքատությունը հաղթահարվի։ Հետևաբար ո՞րն է մեր պլանը, երբ մենք մարդու աղքատությունը գնահատում ենք և ստեղծում ենք դե-ֆակտո այնպիսի համակարգ, որը նրան չի մղում աշխատելու։ Եվ ստացվում է, որ մենք մարդուն պետականորեն դատապարտում ենք աղքատության Հետևաբար մենք այս տրամաբանությունը պետք է փոխենք»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: