Հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակում կառուցվող շենքային համալիրների շինարարական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեի աշխատակիցներն այցելել են Երևանի Գրիբոյեդով 48 հասցեում կառուցվող «Կոմիտաս պարկ» բնակելի թաղամաս: Այն բաղկացած է բազմաբնակարան բնակելի 11 մասնաշենքից, որոնցից յոթը նախատեսված է պետական ծրագրով:
Կոմիտեից հայտնում են՝ այցի ընթացքում կոմիտեի ներկայացուցիչներն արձանագրել են, որ մոտ 80 տոկոսով ավարտված է ստորգետնյա երկհարկանի ավտոկայանատեղիների հիմնակմախքի կառուցումը, 75 տոկոսով ավարտված են պետական ծրագրով նախատեսված 7 մասնաշենքերի, իսկ 55 տոկոսով՝ բնակելի ամբողջ համալիրի երկաթբետոնե հիմնակմախքի կառուցման աշխատանքները: Շինարարական աշխատանքներն իրականացվում են նախատեսված ժամանակացույցին համապատասխան: Կատարվում են միջնապատերի կառուցման և շենքերի երեսպատման աշխատանքները:
Քաղաքաշինության կոմիտեի մասնագետների շրջայցերը և բնակելի շենքային համալիրի դիտարկումները կրում են պարբերական բնույթ:
«Կոմիտաս պարկ» բազմաբնակարան շենքային համալիրը հանրային ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակում կառուցվում է պետական համակարգմամբ՝ բնակարանային շինարարությունը խրախուսելու և կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացմանն աջակցելու նպատակով: Համալիրում նախատեսված 478 բնակարանների և ավոտակայանատեղիների բաշխումն առաջին փուլով արդեն իրականացվել է: Շինարարական աշխատանքների ավարտը և բնակարանների հանձնումը նախատեսված են 2024 թվականի երկրորդ կիսամյակում:
Առաջիկայում «Կոմիտաս պարկ» բնակելի թաղամասում մեկնարկելու է նաև պետական ծրագրի երկրորդ փուլը, որի վերաբերյալ ՀՀ կառավարության համապատասխան որոշումը ներկա պահին դեռ շրջանառվում է: Երկրորդ փուլով նախատեսվող շենքային համալիրների կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են: