Կառավարության դիմաց կրկին բողոքի ակցիա էին իրականացնում Հյուսիսային պողոտայի, Բուզանդի և Տերյան փողոցների նախկին բնակիչները: Նրանք ասում են, որ իրենց իրավունքները ոտնահարել են և 14 տարի շարունակ իրենց ձայնը չեն լսում: Ըստ ցուցարարների՝ 14 տարի առաջ իրենցից չնչին գումարներով գնել են բնակարանները, հետագայում մի մասին փոխհատուցումներ են տրամադրել, իսկ 7 ընտանիքներ այդպես էլ չեն ստացել փոխհատուցում:
Ցուցարարներին վրդովեցնում է հատկապես Կառավարության ու Երևանի քաղաքապետարանի լռությունը.«Նախորդ իշխանությունների ժամանակ գոնե իջնում էին հարցնում էին՝ ինչ է եղել: Հիմա բացարձակ ոչ մի արձագանք չկա: Քաղաքապետն ասում է՝ դա իմ լիազորությունների մեջ չէ: Ի՞նչ է՝ էդ Օպերան իր լիազորությունների մեջ է, սա՝ չէ՞: Սրճարանները ավելի կարևո՞ր էին էս բնակիչներից: Կամ թող էս բնակիչների հարցերը լուծեր, նոր անցներ սրճարաններին»,-ասում է ցուցարարներից Արթուր Մելիք-Շահնազարյանը:
Մելիք-Շահնազարյանն ասում է՝ ժամանակին՝ Երևանի ավագանու անդամ եղած ժամանակ իրենց խնդիրը լսել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, դիմել է պատկան մարմիններին.«Բայց երևի ինքն էլ տեսավ, որ չեն արձագանքում, թողեց»:



