Քաղաքապետը կրկեսից

Հայկ Մարությանի Երևանի քաղաքապետ դառնալուց հետո մայրաքաղաքը աղբի մեջ կորած է։ Չնայած նրան, որ նախընտարական քարոզարշավի ժամանակ Մարությանը վստահեցնում էր՝ «մաքրելու ենք», բոլորի համար է ակնհայտ, որ նախկին քաղաքապետ ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանի օրոք քաղաքը շատ ավելի մաքուր վիճակում էր։ 

Մարությանը, ինչպես և սպասելի էր, խնդրի լուծման տարբերակ չունի, իսկ հասարակության մեծ մասը էյֆորիայից դուրս է եկել, քաղաապետարանում էլ անհնար է բոլորին տեղավորել աշխատանքի, որպեսզի աշխատանքի բերումով գոնե մարդիկ չդժգոհեն։ 

Հայկ Մարությանը իր մասնագիտությանը հարիր լուծում է գտել այս խնդրին։ Նա հանրության համար շոու է անում, որպեսզի պակասեցնի դժգոհության մակարդակը․«Ազատության պողոտայով դեպի Բաբայան փողոց բարձրանալիս աղբամաններն այրված են, կոտրված կամ էլ ընդհանրապես չկան: Շրջելով Հաղթանակ զբոսայգու դիմացի մայթում՝ մեծահարուստների տների կողքին, տեսնում ես նոր աղբամաններ: Հենց այսօր հանու՛մ եք այդ աղբամանները և դնում այն հատվածներում, որտեղ մեր հազարավոր քաղաքացիներն են անցնում»,-հայտարարել է քաղաքապետը։

Եթե Հայաստանի վերջին մեկ տարվա իրականությունից կտրված մարդ լսեր Մարությանից այս խոսքերը, ապա վստահաբար կկարծեր, որ «Կարգին հաղորդման» հերթական սկեչներից մեկն է դիտում։ 

Մարությանը ապրելով Հյուսիսային պողոտայում` ատելություն է տարածում քաղաքի այլ հատվածներում բնակվող հարուստների նկատմամբ։ Հետաքրքիր է քաղաքապետը նկատել է, որ մինչ Նոր Նորքի կամ Նուբարաշենի աղբամանները կոտրված են Հյուսիսային պողատայի աղբամաններն էլ նոր են և մաքուր։ Ինչու՞ չի պահանջում, որպեսզի իր բակի աղբամանը տեղափոխեն։

Հաղթանակ զբոսայգու դիմացի մայթում՝ մեծահարուստների տների մոտի հինգ-վեց աղբամաններով իհարկե աղբի մեջ կորած Երևանի խնդիրը չի լուծվի, բայց այս քայլով Մարությանը ավելորդ անգամ ապացուցեց, որ իր տեղում չէ։  Նա լավ էր, որպես շոումեն, բայց վատ քաղաքապետ է, քանի որ քաղաքային տնտեսություն ղեկավարելու փոխարեն նա իրեն մայրքաղաքի գլխավոր շոումեն է պատկերացնում։