Տիգրան Մեծ պողոտայի և Քրիստափոր փողոցի խաչմերուկում դեռևս չի վերացվել կոտրված ծառի հետևանքով ստեղծված վտանգավոր իրավիճակը։ Ծառը կոտրվել և ամբողջությամբ փակել է մայթը, ինչի պատճառով քաղաքացիները ստիպված են քայլել ավտոճանապարհով՝ իրենց կյանքն ու առողջությունը վտանգի ենթարկելով։
Արդեն գրեթե 15 ժամ է անցել դեպքից, սակայն քաղաքային իշխանությունները մինչ այժմ չեն կազմակերպել ծառի հեռացումն ու տարածքի անվտանգացումը։ Ամեն ժամ այս հատվածով անցնում են տասնյակ, եթե ոչ հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում՝ երեխաներ, տարեցներ և մանկասայլակներով ծնողներ, որոնք ստիպված են դուրս գալ երթևեկելի մաս։
Այսպիսի դեպքերում առաջնային խնդիրը ոչ միայն ծառը հեռացնելն է, այլև քաղաքացիների անվտանգությունն ապահովելը։ Մինչդեռ այս պահին ստեղծված տպավորությունն այն է, որ պատասխանատուները պարզապես չեն շտապում արձագանքել, իսկ վտանգը շարունակում է մնալ քաղաքացիների ուսերին։
Քանի՞ ժամ կամ քանի՞ օր պետք է անցնի, որպեսզի քաղաքային իշխանությունները կատարեն իրենց ամենահիմնական պարտականություններից մեկը՝ ապահովեն քաղաքացիների անվտանգ տեղաշարժը։







