Փետրվարի 28-ին Հռոմում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Իտալիայի ԱԳՆ-ների միջև։ Հայկական կողմից խորհրդակցությունները անցկացրել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, իսկ իտալական՝ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարի տեղակալ Էդմոնդո Չիրիելին։
Խորհրդակցությունների ընթացքում կողմերը բարձր են գնահատել երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը և քննարկել հայ-իտալական երկկողմ օրակարգային հարցերի լայն շրջանակ։ Անդրադառնալով տնտեսական համագործակցության հեռանկարներին՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել քայլեր ձեռնարկել տնտեսական կապերի ընդլայնման ուղղությամբ։ Քննարկվել են նաև համագործակցությունը մշակութային, կրթական և գիտական ոլորտներում։
Կողմերը անդրադարձել են նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցերի, այդ թվում Հայաստան-ԵՄ ընդլայնված գործընկերությանը, քննարկել միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխադարձ աջակցության հնարավորությունները, ընդգծել պարբերական քաղաքական խորհրդակցությունների անցկացման կարևորությունը։
Նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային բարդ իրավիճակը և խաղաղություն հաստատելու ուղղությամբ Հայաստանի հանձնառությունն ու ջանքերը։ Նախարարի տեղակալը նշել է Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակման ծանր հումանիտար հետևանքները և կարևորել Արդարադատության միջազգային դատարանի համապատասխան որոշման իրականացումը։
Հռոմ այցի շրջանակներում Պարույր Հովհաննիսյանը հանդիպումներ է ունեցել նաև Իտալիայի Սենատի փոխնախագահ Ջան Մարկո Չենտինայոյի և Պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջուլիո Տրեմոնտիի հետ։