
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության խլման փաշինյանական ծրագիրը հանդիպեց Ստոկհոլմի արբիտրաժի որոշմանը, որը, սակայն, իշխանությունները, կարծես, չեն շտապում կատարել: «Փաստը» փորձել է ստանալ տարբեր փորձագետների գնահատականները ստեղծված վիճակին:
«Հայաստանը ես եմ» նախաձեռնության անդամ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը գտնում է, որ ՀԷՑ-ի հետ կապված իշխանությունների կազմակերպած գործընթացն ամբողջությամբ կատարվել է հակաիրավական, անօրինական ճանապարհով ու քաղաքական դրդապատճառներով։ Նա կանխատեսում է, որ թեպետ արբիտրաժի որոշումը Հայաստանի կառավարության կողմից ենթակա է պարտադիր կատարման, այդուամենայնիվ, իշխանությունները «ոչ թե ուղղակի չեն կատարելու, այլ արհեստական խոչընդոտ են ստեղծելու»։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը «Փաստի» հետ զրույցում նշում է. «Ամբողջ աշխարհում գիտեն, որ Սամվել Կարապետյանի ձերբակալությունը և ՀԷՑ-ի հետ կապված այս ողջ պատմությունը կրում է քաղաքական բնույթ»: Նրա դիտարկմամ, իշխանությունները փորձում են պետականացնել ՀԷՑ-ը՝ փորձելով հանրությանը համոզել, թե սա արդարադատության ու արդյունավետ կառավարման անհրաժեշտ քայլ է։ Սակայն իրականությունը, Պիպոյանի խոսքով, բոլորովին այլ է։ «Այո, էներգետիկ համակարգում մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, նույնիսկ նախորդ տնօրինությունը չի առարկել դրանց մասին, բայց ՀԷՑ-ից բացի մենք ունենք նաև ԲԷՑ, որը պետական է։ Եվ համեմատելով երկու հիմնարկներում եղած խնդիրները, պարզվում է, որ ՀԷՑ-ը ֆանտաստիկ հիմնարկ է»։ Պետությունը, ըստ նրա, ձախողելով մեկ կառույցի կառավարումը, այժմ ձգտում է տնօրինել մի համակարգ, որի կառավարումը մասնավոր հատվածի ձեռքում ավելի արդյունավետ է եղել։
«Պետության կառավարման արդյունքում ԲԷՑ-ում ավելի վատ վիճակ է, քան ՀԷՑ-ում։ Ժողովրդական խոսք կա՝ ունքն ուղղելու փոխարեն աչքն են հանում։ Ոչ ոք չի առարկում, որ ունքն ուղղելու կարիք ունի, բայց պետք է այնպես ուղղվի, որ աչքը չհանվի, իսկ իրենք աչք հանող են»,-ասում է Պիպոյանը՝ հավելելով, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում՝ թե՛ Եկեղեցու, թե՛ բարերարների, թե՛ քաղաքական ընդդիմախոսների դեմ, ունի մեկ նպատակ՝ վախի մթնոլորտի ձևավորում։ Խստորեն քննադատելով միջազգային իրավական որոշումների նկատմամբ ցուցաբերած անպատասխանատու վերաբերմունքը՝ մասնավորապես՝ ՀԷՑ-ի վերաբերյալ եվրոպական արբիտրաժի որոշման չկատարումը՝ Պիպոյանը մատնանշում է Հայաստանի արտաքին հեղինակության խիստ անկումը. «Գործող իշխանությունը և Նիկոլ Փաշինյանը չեն կատարում եվրոպական արբիտրաժային դատարանի որոշումները, բայց ամբողջ ուժով ցանկանում են գնալ դեպի Եվրոպա և համեմատվել նրանց հետ։ Գործող իշխանությունների հայտարարություններն ու գործողությունները 90 % դեպքերում իրար հետ չեն համընկնում, եթե ոչ՝ 99 %»։