
Համաձայն «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի՝ ապրիլի վերջին շաբաթ օրը նշվում է որպես Քաղաքացու օր: Ապրիլի 26-ին՝ Քաղաքացու օրվա շրջանակում, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում կանցկացվեն մի շարք միջոցառումներ։
ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՀ մարզերի 79 համայնքում ու բնակավայրում, ինչպես նաև Երևանի 12 վարչական շրջաններում տեղի կունենա «Շենացրո՛ւ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով հանրային քննարկում-բանախոսությունների շարք:
Քաղաքացու օրվան ընդառաջ՝ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ դպրոցների սովորողներն իրականացրել են «Շենացրո՛ւ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով ուսումնական նախագծեր: Նրանք ուսումնասիրել են իրենց բնակավայրի, համայնքի տարբեր հիմնախնդիրները՝ դրանց համար առաջարկելով լուծումներ, որոնք կուժեղացնեն պետությունը, համայնքն ու բնակավայրը: Ապրիլի 26-ին բոլոր դպրոցներն իրենց ֆեյսբուքյան էջերում կհրապարակեն նախագծային աշխատանքները:
Քաղաքացու օրվա շրջանակում կձևավորվեն երկու խոշոր հարթակներ. Երևանի Հյուսիսային պողոտայում ժամը 16:00-18:00-ն և 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք Ապարանի կենտրոնական հրապարակում ժամը 11:30-18:00-ն կկազմակերպվեն մշակութային ծրագրեր:
Բացի վերոնշյալ հարթակներից՝ երիտասարդների մասնակցությամբ բանախոսություն-քննարկումներ կկազմակերպվեն նաև պետական աջակցությամբ ստեղծված երիտասարդական կենտրոններում:
Կազմակերպվող մշակութային միջոցառումների նպատակն է ֆլեշմոբերի, բացօթյա ցուցադրությունների, համերգային ծրագրերի, ազգային նվագարանների միջոցով նպաստել քաղաքացիական կրթության, հայրենասիրության, ազգային ինքնության, պետականության և պետական խորհրդանիշների արժևորմանը։
Քաղաքացու օրվան նվիրված մշակութային միջոցառումների և բանախոսության հարթակների վերաբերյալ տեղեկատվությունն՝ այստեղ: