
Անշարժ գույքի հարկից ոչ մի լումա չի մտնում պետական բյուջե, այլ բացառապես համայքնային բյուջեներ և պետք է հպարտությամբ ընդգծեմ, որ 2024 թվականին 2017 թվականի համեմատ, ՀՀ համայնքների բյուջեները եռապատկվել են, ընդ որում, ոչ միայն անշարժ գույքի հարկի հաշվին: Այս մասին ԱԺ-ում Կառավարության 2021-2026 թվականների՝ 2024 թվականի բյուջեի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը նշեց՝ ընդհանրապես Հայաստանում կառավարության հասցեին մի մեղադրանք կա, որն աբսուրդ է իր էությամբ: «Կառավարությանը մեղադրում են պետական կամ համայնքային բյուջեները լցնելու մեջ: Սա նշանակում է՝ լավ չպատկերացնել յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցության աղբյուրը և բանաձևը: Նշանակում է՝ կառավարությանը մեղադրել բյուջեն լցնելու ուղղությամբ ջանք գործադրելու մեջ, նշանակում է՝ կառավարությանը մեղադրել քաղաքացու համար բարեկեցոություն կառուցելու մեջ»,- ասաց նա:
Ապա վարչապետը հավելեց՝ ասա երկրիդ բյուջեն որքան է, ասեմ՝ ոնց ես ապրում դու, ասա համայնքային բյուջեդ որքան է, ասեմ՝ ոնց ես ապրում դու: «Քաղաքացու լավ կամ վատ ապրելու չափանիշը ոչ միայն այն է, թե որքան է ինքը վաստակում, այլ այն, թե որքան է ինքն անձամբ հարկ վճարում պետական և համայնքային բյուջե: Հնարավոր չէ լավ ապրել ցեխակոլոլ ճանապարհներ, մութուխավար փողոցներ ունեցող, ծառից ու ծաղկից զուրկ, զբոսաայգի ու պուրակ չունեցող, կոյուղի չունեցող բնակավայրում, հնարավոր չէ այդտեղ լավ ապրել: Կապ չունի շաբաթը քանի անգամ ես մսով ճաշ ուտում, եթե ապրում ես այդպիսի անբերակարգ միջավայրում, ուրմեն աղքատ ես, ուրեմն բարեկեցությունն այնքան հեռու է քեզնից, որքան Պլուտոնը՝ արևից»,- ասաց նա: