Քավոր Սամվելն անազատության մեջ է, ախպեր Նիկոլ...

Արդեն գրեթե երեք շաբաթ է, ինչ Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգով կալանավորվել է հայազգի մեծանուն գործարար և բարերար Սամվել Կարապետյանը։ Քաղաքական դաշտը բավականին ակտիվ արձագանքեց այս ապօրինությանը, սակայն տարօրինակ կերպով լռում են հայ գործարարները։ Ընդ որում, լռում են անգամ նրանք, ովքեր Ռուսաստանի Դաշնությունում որևէ խնդրի հանդիպելիս ստանում էին հենց Սամվել Կարապետյանի աջակցությունը։

Այս օրերին հատկապես աղմկոտ էր գործարար Սամվել Ալեքսանյանի լռությունը։ Նա ոչ միայն պետք է խոսեր, քանի որ Կարապետյանը վաստակել էր մեր բոլորի աջակցությունը, այլև պետք է խոսեր այն պատճառով, որ Սամվել Կարապետյանը իր ընտանիքի քավորն է։
Հիմա այն լավ ժամանակները չեն, երբ Ալեքսանյանը լրատվամիջոցների առաջ հպարտորեն նշում էր, որ Սամվել Կարապետյանը իր քավորն է։ Հիմա վտանգավոր ժամանակներ են՝ հատկապես վախկոտների համար, և հատկապես այն վախկոտների համար, ովքեր իրենց կապիտալը այդքան էլ արդար ճանապարհով չեն վաստակել։

Մյուս կողմից, Ալեքսանյանը իր լռության համար հրաշալի հիմնավորում ունի՝ այո՛, Սամվել Կարապետյանը իր ընտանիքի քավորն է, և այո՛, քավորը սրբություն է։ Բայց չէ՞ որ նա ժամանակին հայտարարել էր, որ Նիկոլն իր ախպերն է, իսկ ախպերը պակաս սրբություն չէ։ Վերջերս էլ Ալեքսանյանը պարզել էր, որ հայտնի բլոգեր Արուսյա Կավկազն էլ իր քույրն է։ Այ որ՝ իր ախպոր կամ քրոջ խաթրին մեկը կպնի, Ալեքսանյանը կդառնա ֆիդայի։

Ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ։ Հայկական կապիտալը հիմնականում գտնվում է Ալեքսանյանների նմանների ձեռքում։ Նրանց նմանները ոչ թե կապիտալն են ծառայեցնում վեհ գաղափարների, այլ իրենք են ծառայում և ծառա են իրենց կուտակած կապիտալին։