Քարթերի դագաղը հրաժեշտի համար դրվել է Կոնգրես...

ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարթերի դագաղը դրվել է մայրաքաղաքի Կապիտոլիումի կենտրոնական սրահում, որտեղ նրան կարող են հրաժեշտ տալ Կոնգրեսի անդամները եւ հասարակությունը։ Արարողության հեռարձակումը երեքշաբթի վարել է C-SPAN հեռուստաալիքը։ Սգո միջոցառումները սկսվել են հունվարի 4-ին Ջորջիա նահանգի Փլեյնսի մերձակայքում գտնվող Քարթերի ընտանեկան ֆերմայում, որտեղ մեծացել է քաղաքական գործիչը, եւ շարունակվել Ատլանտայում, որտեղ դագաղը դրվել է թաղման արարողության համար տեղական օրենսդիր մարմնի շենքում եւ Քարթերի կենտրոնում: Երեքշաբթի առավոտյան դագաղը տարվել է Վաշինգտոնի մոտ գտնվող Էնդրյուս ռազմաօդային բազա:Այնտեղից թաղման թափորը շարժվել է Կոնգրեսի շենք։ Կապիտոլիումի կենտրոնական դահլիճում՝ Ռոտոնդայում տեղի ունեցած արարողությանը մասնակցել են ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը, ինչպես նաեւ օրենսդիրներ եւ Գերագույն դատարանի անդամներ։ Քարթերի դագաղը կմնա Կոնգրեսում մինչեւ հունվարի 9-ը: Հունվարի 9-ին դագաղը կտեղափոխվի Վաշինգտոնի տաճար, որտեղ կկազմակերպվի հոգեհանգստյան արարողություն, ապա հատուկ ինքնաթիռով կտեղափոխեն Փլեյնս՝ հուղարկավորության համար։Քարթերը, որը զբաղեցրել է ԱՄՆ նախագահի պաշտոնը 1977-1981թթ., մահացել է 2024թ. դեկտեմբերի 29-ին 100 տարեկան հասակում Ջորջիայի նահանգում գտնվող իր տանը։ Նրա օրոք ԱՄՆ-ը եւ ԽՍՀՄ-ը 1979թ. ստորագրել են ռազմավարական սպառազինությունների սահմանափակման պայմանագիրը (ՌՍՍՊ-2): Սակայն Աֆղանստան խորհրդային զորքերի մուտքի հետ կապված՝ Քարթերը որոշել է փաստաթուղթը չներկայացնել Կոնգրեսի Սենատի հաստատմանը, արգելել է ԱՄՆ-ից ցորենի մատակարարումը ԽՍՀՄ-ին եւ կարգադրել բոյկոտել Մոսկվայի Օլիմպիական խաղերը: